Կարապներին տեղափոխում են Երեւանի կենտրոն
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ մինչ օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին, աշխատակազմի համապատասխան կառույցներին ու վարչական շրջաններին, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցներին, ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվ մասնակցության համար։
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում Երևանն առավել գրավիչ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև կամարանցումների նկարազարդման գործընթացը:
Զեկուցվել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների, բակային տարածքների և այգիների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Երևան քաղաքի զարգացման ծրագրով միայն այս տարվա ընթացքում գիշերային լուսավորությամբ կապահովվի ևս 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի:
Քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրվել
մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները GPS համակարգով և WiFi կապով համալրելու հարցին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու և պայմանագրային պարտավորությունները կատարելու խնդրին:
Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ արդեն գործարկվել են Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու «Կարապի լիճ» ջրավազանը: Ի դեպ շուտով, քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի կենդանաբանական այգուց կարապներ կտեղափոխվեն «Կարապի լիճ»։
Զեկուցվել է նաև, որ այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները ևս կավարտվեն սահմանված ժամկետներում և կգործարկվեն մայիսի 1-ին:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։