Երեւանը կդարձնեն կաթի ծով (տեսանյութ)
Եթե 1 լիտր կաթը իրենցից չգնեն 180 դրամով, ապա այսօր Կոտայքից Երեւան եկած գյուղացիները խոստանում են «ամենաքիչը 20 տոննա կաթ բերել եւ կառավարության շենքի դիմացը թափել»։
Նախորդ տարվա համեմատ, այս տարի կաթ մթերողները գյուղացուց 1 լիտր կաթը նախկին 180 դրամի փոխարեն գնում են 130-140 դրամով: Գյուղացին ունի իր բացատրությունը՝ կաթ արտադրող խոշոր ընկերություններին ձեռնտու է ոչ թե որակյալ կաթ գնելն, այլ էժանագին փոշի օգտագործելը:
Միաժամանակ գյուղացիները բոլորի ուշադրությունը հրավիրում են այն փաստին, որ կաթն իրենցից թեեւ էժան գնով են մթերում, սակայն խանութներում կաթնամթերքի գինը չի փոխվում:
Կոտայքի մարզի կաթ արտադրողները այսօր Գյուղատնտեսության նախարարից փորձում էին պարզել, թե ինչի հետեւանքով է պարբերաբար կաթն էժանանում։ Նրանց խոսքերով՝ իրենք վարկեր են վերցրել եւ հիմա ստիպված են տները վաճառել՝ տոկոսադրույքները մարելու համար։
Այսօր Գյուղանախարարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած գյուղացիները խոստումներ էին պահանջում անձամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանից, սակայն նրանց ընդունեց նախարարության Անասնաբուծության վարչության պետը,որը խոստացել է մթերման որոշակի նվազագույն գին սահմանել։
Գյուղացիներն իրենց բողոքը գրավոր հանձնեցին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Նրանց խոստացան պատասխանել մայիսի 1-ին։