Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապուտաչյա կատակերգուն և աղաղակող փաստերը

Հասարակություն
b74d3f9ed6c46e1be041bdbc2b646c41

Ապրիլի 16-ին լրանում է համաշխարհային կինոյի մեծ դերասան և ռեժիսոր Չարլի Չապլինի ծննդյան 122 ամյակը։

Ծնվելով աղքատության մեջ՝ Չարլի Սպենսեր Չապլինն իր անգույն, բայց գունեղ ֆիլմերով կարողացավ վաստակել ավելի քան 10,5 մլն դոլար և սրտակեր-կնահաճո բարքով դառնալ Հոլիվուդի լեգենդը։

Չարլիի հուզիչ թափառաշրջիկը՝ սև բեղիկներով, անհեթեթ կոստյումով և զվարճալի քայլվածքով, որը միլիոնավոր կինոդիտողների աչքերից հուզմունքի և ծիծաղի արցունքներ է քամել, հավերժ կհիշվի համաշխարհային կինեմատոգրաֆիայում։

Դժվարին կյանք ապրած կատակերգուն Օլիմպոս ձգվող ճանապարհին ունեցել է բազմաթիվ դժվարություններ ու տարօրինակության հասնող աղաղակող փաստեր։

Դրանք բազմաթիվ են, բայց նշենք մի քանիսը։

Չապլինը ոչ մի անգամ իր ֆիլմերի համար «Օսկար» չի ստացել։ Միայն օր ծերության նրան տրվել է «պատվավոր» մի արձանիկ՝ կինեմատոգրաֆիայում ունեցած վաստակի համար։

Նա այդպես էլ ԱՄՆ-ի քաղաքացի չդարձավ, թեև այդ երկրում, որպես Մեծ Բրիտանիայի հպատակ՝ ապրեց ավելի քան 40 տարի։

Չապլինի կյանքում բազմաթիվ կանայք են եղել։ Ամուսնացել է 4 անգամ և ունեցել 11 երեխա։ 12-րդ երեխային փորձել են «փաթաթել» նրա վզին, սակայն փորձագետները ապացուցել են , որ երեխան Չարլիինը չէ։ Վերջին երեխան դերասանը ունեցել է 73 տարեկան հասակում։

Չարլի Չապլինը ընդամենը 4 օրով է մեծ եղել Ադոլֆ Հիտլերից։ Նմանակել է վերջինիս «Մեծ դիկտատորը» ֆիլմում։ Ասում են, որ Հիտլերը իր հայտնի բեղերի ձևը վերցրել է Չապլինից։

Չապլինը առաջին դերասանն էր, որը հրաժարվեց Time-ի շապիկին երևալ։ 1975 թ.-ին նրան շնորհվեց ասպետի տիտղոս։

Համաշխարհային կատակերգուի ոտքերը ապահովագրվել են 20 հազար դոլարով։

Նրան են պատկանում այնպիսի թևավոր խոսքեր, ինչպիսիք են՝ «Միայն կինը կարող է միլիարդատերին միլիոնատեր դարձնել» և «Ատում եմ փղերին. այնքան ուժեղ են, այնքան հնազանդ»։

Չարլի Չապլինը կապուտաչյա էր։