Բրյուսովցիները ցույց չարին
Չնայած այսօր ժամը 9.30-ին ԿԳՆ շենքի մոտ նախատեսված էր Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների ցույցն ի պաշտպանություն հեռացված ռեկտոր Սուրեն Զոլյանի, սակայն այն չի կայացել։
Մեր նկարահանող խումբը մեկ ժամ սպասել է նրանց, սակայն ուսանողներն այդպես էլ ԿԳՆ չեն եկել։
Որոշ տեղեկություններով՝ նրանց Զոլյանը խնդրել է ցույց չանել։
Իսկ քիչ առաջ բուհի մամլո ծառայությունը հայտարություն է տարածել, որում նշվում է, որ ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը հրավիրում է մամուլի ասուլիս, որը տեղի կունենա ապրիլի 18-ին, ժամը` 15:00-ին, ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում:
«Համալսարանը բազմաթիվ հարցումներ և արձագանքներ է ստանում 17.04.2012 ՀՀ ԿԳ նախարարի կողմից ստորագրված ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանի և ԵՊԼՀ ռեկտորի պատասխան գրության, ինչպես նաև առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը չեղյալ է հայտարարել ս.թ. ապրիլի 18-20-ը ներառյալ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն իր գործուղումը՝ «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնական հաստատություններում» խորագրով կայանալիք գիտաժողովին մասնակցելու վերաբերյալ: