Մանթաշովն ընտրել էր «մեղքի» քաղաքը (տեսանյութ)
Արդեն մի քանի օր է՝ Աբովյան փողոցով «զբոսնում» է Ալեքսանդր Մանթաշովը։ Այստեղ օրերս տեղադրվել եւ այսօր բացվելու է 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի թիֆլիսահայ մեծանուն բարերարի հուշարձանը: Անցորդներն ուշադիր զննում են արձանը, քննարկում այն ու լուսանկարվում նրա ֆոնին։
Հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:
Ծագումով թիֆլիսեցի Լյալյա Չելիձե-Սեյրանյանը առանձնապես գոհ է, որ իր լեգենդար համաքաղաքացուն որոշել են մեծարել նաեւ Երեւանում։ Տիկինը սովորել է Թբիլիսիի հենց այն դպրոցում, որի խնամակալությունը ժամանակին իր վրա էր վերցրել Ալեքսանդր Մանթաշովը եւ որը մինչ օրս կրում է բարերարի անունը։
«Թիֆլիսում նրան բոլորն են ճանաչում։ Սկեսրայրս նույնիսկ պիես է գրել Մնրա մասին, որը հաջողությամբ բեմադրվել է Թիֆլիսի հայկական թատրոնում։ Քանդակագործին չեմ ճանաչում, բայց շատ արժանավոր հուշարձան է»,-ասաց նա։
Տիկին Չելիձե-Սեյրանյանին մի քիչ հուշարձանի դիրքը դուր չի գալիս. հարակից շենքը ճնշող է, Մանթաշովին ավելի ազատ տարածությունը կսազեր՝ ասում է։ Իսկ բնիկ երեւանցի Լիլյա Ազիզյանն ուզում է, որ մերօրյա բարերարներն օրինակ վերցնեն Մանթաշովից ու ավելի քիչ զբաղվեն քաղաքականությամբ
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մանթաշովը իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից էր։ Նա իրավամբ նավթի արքա էին ասում։ 20-րդ դարասկզբին նրա ստեղծած «Մանթաշեւ ի Կո» ընկերությունը արտահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նրա մահից հետո նրա հսկայական հարստությունը փոշիացավ։ Այսօր նրան հիշում են որպես բարերար, արվեստների ու գիտության հովանավոր։ 1904 թվականին նրա միջոցներով Փարիզում կառուցվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին։ Երբ նրան հարցրին՝ ինչու՞ քո հայրենի երկիրը թողած՝ Փարիզում ես եկեղեցի կառուցում, Մանթաշովը պատասխանեց. «Սա այն քաղաքն է, որտեղ ես ջահել օրերիս ամենաշատ մեղքերն եմ գործել»։