Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 աշակերտ ջրծաղիկով հիվանդ են

Հասարակություն
6ad96a2994dc86d9162457434a46da5a

Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցում ջրծաղիկի համաճարակ չկա ու դասերը չեն ընդհատվի: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:

Նա նա նշեց, որ այս պահին իրենց մասնագետները հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության տարածքային բաժնի աշխատակիցների ու տեղամասային բժիշկների հետ այցելում են բացակա աշակերտների բնակարաններ ու ստուգում նրանց առողջական վիճակը:

Նշենք, որ «Ա1+»-ի խմբագրությունը էլեկտրոնային նամակ է ստացել թիվ 42 դպրոցի ծնողական, ուսուցչական եւ աշակերտական խորհուրդների ստորագրությամբ՝ այն մասին, որ ապրիլի 16-ից դպրոցում ջրծաղիկի համաճարակ է եւ դասերը պետք է ընդհատվեն:

Շուշան Հունանյանի տեղեկություններով` ամեն դասարանից մեկ-երկու աշակերտ է այսօր բացակայել, որը չի կարող է դիտվել իբրեւ համաճարակ ու խանգարել դասերի ընթացքը: «Ջրծաղիկը սեզոնայնությամբ է պայմանավորված, երբ ձմռանը փակ տարածքներում, որտեղ քիչ է օդափոխվում, հիվանդությունն օդակաթիլային ճանապարհով փոխանցվում է: Ջրծաղիկի նշաններ հայտնաբերելու դեպքում, տվյալ անձը պետք է անհապաղ դիմի բժշկի` հետազոտման»,- ընդգծեց նա:

Իսկ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը մեզ հետ զրույցում խորհուրդ տվեց լուրջ չվերաբերել էլեկտրոնային նամակներին. «Այդ նամակը չի համապատասխանում իրականությանը եւ, ընդհանրապես, ես չեմ հասկանում, թե ովքեր են դրա հետեւում կանգնած, ում է դա պետք, քանի որ դպրոցում ոչ մեկը` ոչ ուսուցիչները, ոչ էլ աշակերտներն այդ նամակի մասին տեղյակ չեն»:

Նա նաեւ նշեց, որ դպրոցում սովորում է 390 աշակերտ, որից բացակայում է 18-ը: Տնօրենի վստահեցմամբ` բացակա աշակերտներից միայն 10-ն են ջրծաղիկով հիվանդ, եւ դա, ըստ նրա, հիմք չի տալիս համաճարակի խուճապ առաջացնելու համար: