Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի չարիքին հաջորդելու է հաջորդը»

Հասարակություն
81418b30a56f13871823f18de769cd0c

Դալմայի այգիներում՝ Ծիծեռնակաբերդ-Կիևյան կամուրջ-«Թումո» խաչմերուկի հատվածում, ճանապարհաշինարարություն է սկսվել։ «Դալմա-Սոնա« մշակութային հիմանդրամի նախագահ Ռուզան Ղազարյանը կասկածում է, որ շինարարության արդյունքում ուրարտական շրջանի պատկանող ջրանցքի հատված է ոչնչացվում։

Նա այսօր «Արմատ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ շիանարարական աշխատանքները ընդհուպ հասել են ջրանցքի հատվածին և արդեն վնասել են այն։

Սակայն հնագետ Արտավազդ Զաքարյանն ասում է, որ թեպետ Երևանի տարածքում այսօր կան ուրարտական թագավորների կառուցած ջրանցքների հատվածներ, սակայն մի փոքր թեական է Դալմայի այգիներում դրանց գոյությունը։ «Թե Դալմայի այգիներում ինչի հետ գործ ունենք, անհրաժեշտ են նեղ մասնագիտական հետախուզական աշխատանքներ, որպեսզի հստակեցվի՝ ունի արդյոք պատմամշակութային արժեք, որքանով է ճանապարհի շինարարությունը վնասելու կամ արդեն վնասել ջրանցքը»,- ասաց նա։

Ըստ «Սպառողների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի ճանապարհի շինարարությունը վտանգավոր է, քանի որ դրանով շարունակվում են ոչնչացվել և կառուցապատվել Դալմայի այգիները։ «Եվս մի հրեշավոր ծրագիր է պատրաստվում Դալմայի այգում,- ասաց նա։- Ճանապարհ է նախագծված կառուցել, որը ոչ մի տեղ չի տանում՝ Կիևյան փողոցից դեպի ավտոկայանատեղի։ Այդ ճանապարհը պարզապես փող ծախսելու միջոց է։ Եվ պայմաններն այնպիսին են, որ այն ձեռնարկությունը, որ շահել է շինարարություն կատարելու տենդերը, ստանալու է ճանապարհի կողքերին հողատարածքներ, կառուցապատում կատարելու համար։ Մի չարիքին հաջորդելու է հաջորդ չարիքը»։

Նա նշեց, որ նախընտրական այս շրջանում հարցը բարձրացնելով՝ հույս ունեն որևէ արդյունքի հասնել։ Բանախոսները այս հարցում մեծապես կարևորեցին հասարակության աջակցությունը։