Օձ չգտան
Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հ. Օսիպյանից գրություն է ստացվել, որ դպրոցում նկատվել են հողագույն օձեր (վերջին անգամ ապրիլի 16-ին):
Դպրոց է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Զննության արդյունքում' դպրոցի տարածքում օձեր չեն հայտնաբերվել:
Փլուզում Չարենցավանում
Ապրիլի 19-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի թիվ 15 շենքի մասնակի փլուզման մասին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել են ՀՀ ԿԳՆ-ին պատկանող 4-րդ կարգի վթարայնության շենքի հենասյան երեսպատման տուֆե սալիկները' 3 քմ մակերեսով: Դեպքի վայրում են գտնվել նաև Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Չարենցավանի քաղաքապետարանին կառաջարկվի վերաբնակեցնել տվյալ շենքի բնակիչներին:
Գազի արտահոսք և բռնկում
Ապրիլի 19-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության մեջ տեղի է ունեցել գազի արտահոսք' հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Կիսակառույց քարե շինությունում այրվել են տոլ և ձութ' 20 քմ մակերեսով և երկու 20 կգ-անոց գազի բալոններից արտահոսած գազ:
Ուժեղ քամի
Ապրիլի 19-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.15-ի սահմաններում ուժեղ քամուց քշվել են նույն գյուղի բնակիչներ' Գ. Խանոյանին և Գ. Ենոքյանին պատկանող տների տանիքների կառուցատարրերը' համապատասխանաբար 150 քմ և 30 քմ մակերեսներով:
Նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում գրանցված ուժեղ քամուց վնասվել են գյուղի բնակիչ Ս. Մովսիսյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերը' 90 քմ մակերեսով:
Երկու դեպքում էլ զոհեր և տուժածներ չկան: Դեպքերի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանը: