Վրացի ոստիկանները մերոնցից չեն տարբերվում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ 2010-2012 թվականների Հայաստանի եւ Վրաստանի ոստիկանական համակարգերում իրականացվել է ուսումնասիրություն՝ պարզելու, թե ինչ խնդիրներ ունեն քաղաքացիները իրավապահ մարմինների հետ փոխհարաբերություններում։ Դիտարկումներն իրականացրել են երկու երկրները ներկայացնող երիտասարդ իրավապաշտպանները։
«Հայաստանում մարդիկ կարծում են, թե հարեւան երկրում ոստիկանությունը շատ ավելի թափանցիկ է աշխատում, քան մեզ մոտ։ Այս ծրագրի ընթացքում պարզվեց, որ այդ կարծիքը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը», - «Ա1+»- հետ զրույցում այսօր ասաց «Հարավային Կովկասում իրավապաշտպանական շարժման մեջ երիտասարդների ներգրավումը» ծրագրի համակարգող Օֆելյա Զալյանը։
Նրա խոսքերով, նախ՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը թույլ չի տվել դիտարկում իրականացնել վրացական ոստիկանությոնում, եւ անպատասխան է թողել կազմակերպության ուղարկած դիմումը՝ մեկնաբանելով, թե Վրաստանում պետական մարմինները պարտավոր չեն արձագանքել իրենց ուղարկված գրություններին։ Մինչդեռ, Հայաստանի Ոստիկանությունը համաձայնել է համագործակցել իրավապաշտաններին հետաքրքրող հարցերով։
«Վրացական ոստիկանությունից տպավորությունն այնպիսին էր, որ թափանցիկությունը միայն արտաքին տեսքին է վերաբերում», - նշեց Օֆելյա Զալյանը՝ ակնարկելով հարեւան երկրի ոստիկանության բաժանմունքների ապակե պատերը։
Ըստ Օֆելյա Զալյանի, վիճակը որակապես չի տարբերվում նաեւ ձերբակալվածների հարցաքննության մեթոդների ընտրության հարցում։ Դիտորդները թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում զրուցել են նախկին ձերբակալվածների ու նրանց հարազատների, փաստաբանների ու ոստիկանության աշխատակիցների հետ եւ պարզել, որ երկու երկրների իրավապահ մարմիններում շարունակում են կիրառվել ձերբակալվածներից ցուցմունք ստանալու անընդունելի մեթոդներ, ընդհուպ մինչեւ ծեծ եւ խոշտանգում։
«Վրաստանցի իրավաբաններից մեկը նույնիսկ դժգոհել է, որ նախկին «տղամարդավարի» միջոցների փոխարեն քննիչներն այժմ ավելի շատ հարցաքննվողի նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրում», - նկատեց ծրագրի համակարգողը։
Երկու երկրների ոստիկանական համակարգերում էական տարբերությունը, ըստ Օֆելյա Զալյանի, ոստիկանների աշխատանքային պայմանների մեջ է։ «Եթե Վրաստանում ոստիկաններն ապահովված են բավարար գրասենյակային ու տեխնիկական պայմաններով, ապա հայկական ոստիկանությունը այս հարցում լուրջ խնդիրներ ունի։ Հայաստանյան որոշ ոստիկանական բաժանմունքներ ոչ միայն տեխնիկական բավարար պայմաններ չունեն, այլեւ զրկված են տարրական կենցաղային պայմաններից», - նշեց Օֆելյա Զարյանը։
«Հարավային Կովկասում իրավապաշտպանական շարժման մեջ Երիտասարդների ներգրավումը» ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել տարածաշրջանի բոլոր պետական միավորումներում՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում, ԼՂՀ-ում եւ Ադրբեջանում։ Սակայն որոշակի խոչընդոտների պատճառով ծրագիրը իրականացվել է միայն Վրաստանում եւ Հայաստանում։