«Տատիկիս դաջվածքները» ցուցադրվեց Երեւանում
«Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ռեժիսոր Սյուզան Խարդալյանը Երևանում է:
Ֆիլմը ՀՅԴ Հայ դատի և քաղաքականության հարցերի գրասենյակի և «Մոսկվա» կինոթատրոնի աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է այսօր ժամը 16:00-ին: Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության ժամանակ կանանց նկատմամբ կատարված բռնությունների մասին: Դրա հիմքում ընկած է շվեդահայ ռեժիսորի տատիկի պատմությունը: Ֆիլմը կոչվում է «Տատիկիս դաջվածքները», քանի որ Հայոց ցեղասպանության ժամանակ բռնաբարված հայ կանաց ձեռքերին և դեմքին արաբական և թուրքական գեղեցիկ նախշեր էին դաջում: Իր տատիկի պատմությունը ռեժիսորը լսել է մորից: «Ֆիլմը պատմում է տատիկիս մասին, ում 12 տարեկանում նավի վրա մի թուրք բռնաբարում է և որոշում է պահել իր մոտ: Մենք մինչև հիմա չգիտենք, թե նա որտեղ է եղել այդ 6-7 տարիներին»: Ռեժիսոր Սյուզան Խարդալյանը գտնում է, որ սովորական մարդու համար շատ ավելի հասանելի է դառնում, երբ պատմում ես մեկի մասին, քան 100 հազարավոր մարդկանց մասին: Հենց այս սկզբունքով էլ նկարվել է «Տատիկիս դաջվածքները»:
Սյուզան Խարդալյանը պատմում է, որ Թուրքիայում այս ֆիլմի ցուցադրության կապակցությամբ մի շարք բողոքներ են եղել ոչ թե թուրքերի, այլ ադրբեջանցիների կողմից: «Ինձ ասացին, որ Ադրբեջանի քաղաքական- պետական շրջանակները պահանջել են ֆիլմը չցուցադրել: Բայց մինչև վերջին վայրկյանը փառատոնի ղեկավարության մոտեցումը եղել է այն, որ իրենք չեն ցանկացել քաղաքականացնել այս ամենը: Բայց ֆիլմը ցուցադրվեց, և այնքան մեծ պահանջարկ ունեցավ, որ ցուցադրվեց 3 անգամ»,- պատնեց ռեժիսորը:
Ֆիլմի հիմնական ֆինանսավորողները շվեդական կազմակերպություններն են: Համաֆինանսավորողն է նաև «Ալ Ջազիրա» հեռուստաընկերություը, որն էլ ունի բացառիկ իրավունք ֆիլմը հեռարձակելու իր ալիքով:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ 105 տարեկան հասակում մահացել է «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի գլխավոր հերոսուհի, հայսոց ցեղասպանություը վերապրած Մարիա Վարդանյանը: