75 000 հեռախոսահամար է գնվե՞լ
«Ա1+»-ի տեղեկություններով՝ նախընտրական շրջանում «ՎիվաՍել» ընկերությունից գնվել են մոտ 75000 հեռախոսահամարներ ու մոտ այդքան էլ հեռախոսներ, ընդ որում՝ Alcatel տեսակի։
Ըստ մեր աղբյուրի՝ գնորդը «Հայասի Գրուպ»-ն է, որի հետ են կապվում նաեւ վերջին շրջանում «Օրինաց երկիր» կուսակցության անունից արվող բարեգործությունները։
Մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Հայասի գրուպ» ընկերություն։ Պարզվեց, որ հեռախոսահամարը նույն էր, ինչ ՕԵԿ գրասենյակինը եւ միացրին ընկերություն։
Քարտուղարուհին նշեց, որ իր տեղեկություններով այդպիսի բան չկա եւ հարցին կարող է պատասխանել 2 ժամից, քանի որ ղեկավարությունը քարոզարշավի հետ կապված շատ զբաղված է։ «Հայասի»-ի տնօրենը ՕԵԿ նախկին պատգամավոր Արծրուն Աղաջանյանն է։
Իսկ երկու ժամից հետո հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո քարտուղար Վահե Իսահակյանն էլ «Ա1+»-ի հարցմանը գրավոր պատասխանեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոմերցիոն ընկերություն է, և տարբեր գնային կատեգորիաներում հեռախոսների վաճառքը ընկերության բիզնես-գործունեության ուղղություններից մեկն է:
«Առհասարակ, ընկերությունն ապրանքատեսակներ ու ծառայություններ է առաջարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց` համապատասխան օրենսդրության շրջանակներում:Տեղեկացնենք նաև, որ ընկերությունն Alcatel մակնիշի հեռախոսներ չի առաջարկում»,- նշված էր պատասխանում: