Մանկավարժականի ուսանողուհին՝ հրդեհի մասին (տեսանյութ)
«Մենք կանգնած էինք, էդ պահին փուչիկները ձեռքներս էր, հետո մի պահ զգացինք, որ դիմացից կրակ է գալիս։ Բոցը տարածվեց մինչեւ վերջ։ Խառնվեցինք իրար, ամեն մեկը մի կողմ գնաց, հետ նայեցի, տեսա, որ շատ մարդիկ ընկած են, վառվում են։ Մենք դիմացն էինք կանգնած՝ բեմին մոտ։ Կրակը հետեւից էր գալիս», - «Նաիրի» բժշկական կնետրոնում առաջին բուժոգնությունը ստանալուց հետո դուրս գրված երիտասարդ աղջիկներից մեկն «Ա1+»-ին այսպես նկարագրեց այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը։ Նա Մանկավարժական համալսարանում սովորող ընկերների հետ եկել էր հրապարակ՝ մասնակցելու ՀՀԿ նախընտրական հանրահավաքին։
Ի դեպ, լրագրողների մուտքը «Նաիրի» Բ/Կ խստիվ արգելվում էր։ Բուժաշխատողները հրաժարվում էին որեւէ տեղեկատվություն տրամադրել միջադեպից տուժած հիվանդների ռողջական վիճակի մասին։ Հիվանդանոցում էին նաեւ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցներ։
Նման հսկողություն չկար 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում, ուր միջադեպից անմիջապես հետո, մայիսի 4-ի երեկոյան 8-ի սահմաններում 20-22 հոգի՝ հիմնականում 17-25 տարեկան երիտասարդներ են տեղափոխվել։
Հիվանդանոցի վնասվածքաբանական բաժնի վարիչ Վահան Ավագյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ նրանցից 5-6-ը 3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդներ են, որոնց ցավազրկող միջոցների օգնությամբ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
«Նրանք առայժմ գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են ներերակային բուժում։ Առայժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հուսով ենք, որ վերականգնողական պրոցեսը նորմալ կընթանա», - նշեց բժիշկ Ավագյանը։
Նա տեղեկացրեց նաեւ, որ հիվանդների թվում կային այնպիսիները, որոնք տուժել են հարվածային ալիքից եւ ողնաշարի ու գոտկատեղի շրջանում ցավեր ունեին։
Վահան Ավագյանի խոսքերով, այժմ հիվանդանոցում գտնվող հիվանդների վիճակը համեմատաբար բավարար է, կատարվում է համապատասխան բժշկական միջամտություն։