Սահակաշվիլին 3 ժամ բանվորություն է արել
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին երեկ՝ մայիսի 8-ին, որպես սևագործ բանվոր, մոտ 3 ժամ աշխատել է շինարարությունում։ Կառուցվող մասնագիտական քոլեջներից մեկի շինհրապարակում նախագահը տարբեր աշխատանքներ է կատարել՝ կղմինդր է տեղափոխել, ցեմենտի շաղախ է պատրաստել և անգամ զոդում կատարել։
Gruzia online-ի փոխանցմամբ՝ Սահակաշվիլին Թբիլիսիի Գլդանի արվարձանում գտնվող քոլեջի շինհրապարակ հայտնված լրագրողներին ասել է, որ ինքը ստանձնել է այդ քոլեջի շեֆությունը։ Իսկ շինարարության մասնակցելը նրա համար է, որպեսզի «անձամբ զգա, թե ինչ է իրենից ներկայացնում շինարարությունում աշխատելը»։
«Ես այստեղ ծանոթացել եմ մարդկանց հետ, որոնք լավ կյանքից չէ, որ աշխատում են այստեղ ու օրվա հացի փող վաստակում։ Մեկ անգամ ևս համոզվեցի, որ մարդկանց հիմա պետք է ցանկացած աշխատանք, թեկուզ և ամենածանրը, քանի որ այն հույս է տալիս, որ ընտանիքը քաղցած չի մնա։ Եվ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի իմ երկրում հնարավորինս շատ աշխատատեղեր բացվեն», ընդգծել է Սահակաշվիլին։
Աղբյուրի փոխանցմամբ Սահակաշվիլիի հետ հավասար բանվորություն է արել նաև Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը։