Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրադադարի «փխրուն» պայմանագիրը (տեսանյութ)

Հասարակություն
4ef224f899dda04ddc6ea7dbfb66a74b

1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտավ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից:

Տեքստը ստորագրել են Ադրբեջանի, Հայաստանի Պաշտպանության նախարարները եւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարը՝ համապատասխանաբար ՝ Մ. Ի. Մամեդովը` 1994 թվականի մայիսի 9-ին Բաքվում, Ս. Սարգսյանը` մայիսի 10-ին Երևանում, Ս. Բաբայանը` մայիսի 11-ին Ստեփանակերտում: Նկատենք, որ չնայած այս պայմանագրին, սակայն մահացու կրակոցները չեն լռել սահմանին։

Հրադադարի մասին պայմանագիր

Արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա` հակամարտող Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

1. Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Մինչև ոչ ուշ, քան 1994 թվականի մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն և կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց իրականացման համար: Մայիսի 12-ին` մինչև ժամը 23.00, Կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը` դրանց հնարավոր փոխադարձ լրացման և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:

2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարին` Մոսկվայում, մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 12-ը Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու` նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև նախապատրաստել միջազգային դիտորդների առաջվոր խմբի տեղակայումը:

3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու և մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր կնքելու համար:

4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից հետո, երբ Միջնորդը տեղեկացնի, որ նա ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր, ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:

Ադրբեջանի պաշտպանության նախարար

Հայաստանի պաշտպանության նախարար

Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար