Ազատամարտիկներին հրավիրել էին քաղաքապետարան
Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին:
«Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս Շուշիի ազատագրման հոբելյանի և մայիսյան հաղթանակների կապակցությամբ, վստահեցնում եմ, որ ձեր սխրանքը երբեք չի մոռացվի: Եվ ես, թե՛ որպես Երևանի քաղաքապետ, և թե՛ որպես Տարոն Մարգարյան անհատ, իմ ուժերի և հնարավորությունների սահմանում շարունակելու եմ աջակցել ինչպես ձեզ, այնպես էլ մեր զոհված եղբայրների ընտանիքներին»,- ասել է նա։:
Ընդունելությանը մասնակցող Արցախի հերոս, Շուշիի ազատագրման գործողությունը մշակող և ղեկավարող լեգենդար Կոմանդոսը` գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը նշել է, որ քաղաքապետի նախաձեռնությունը հրաշալի առիթ էր մարտական ընկերների հետ ևս մեկ անգամ հանդիպելու, կիսելու պատերազմի հետ կապված ուրախ ու տխուր հուշերը:
«Հավատացեք, որ մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր չեն մոռանում հատկապես մեր զոհված ընկերներին, որոնց կյանքերի գնով նաև հնարավոր դարձավ մեր հաղթանակը: Հավերժ փառք նրանց:» - նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։