«Երեւի պատճառը անտիսիմպատիան է»
«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանը մինչեւ այսօր չի կարողանում գլխի ընկնել՝ ինչո՞ւ իրենից ազատվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ «Երեւի պատճառը անտիսիմպատիան է»,-ենթադրում է Մհեր Գրիգորյանը։
Նախարարը նրան ազատել է այս տարվա մայիսի 2-ին, Մհերն աշխատանքի է գնացել մինչեւ մայիսի 8-ը եւ ոչ ոք նրան չի ասել՝ դու ազատված ես։ Մայիսի 8-ին իմացել է իր ազատման մասին եւ անմիջապես փորձել հասկանալ պատճառները։ Դրանք չկան։
«Գոնե մի անգամ կանչեր, ասեր՝ դու լավ չես քայլում, դու լավ չես խոսում»,-ասում է Մհեր Գրիգորյանը։ Նա բազմիցս է փորձել հանդիպել նախարարի հետ, «չորս նախարարի հետ եմ աշխատել, 9 տարվա մեջ ոչ մի կարգապահական տույժ ոչ գրավոր, ոչ բանավոր չունեմ»։
Հասմիկ Պողոսյանի հետ վերջինիս նախարարության ամբողջ ընթացքում հանդիպել է 3 անգամ եւ երբեք նախարարի հետ չի կարողացել խոսել «Ցուցահանդեսային կենտրոնի» խնդիրների մասին։
Մհեր Գրիգորյանը անկուսակցական է, սակայն ընտանիքի չորս չափահաս անդամներն ամբողջ ընտրարշավի ընթացքում աշխատել են ՀՀԿ-ի համար։
«Հասմիկ Պողոսյանը ՀՀԿ ցուցակի 46-րդ համարն էր։ Ես աշխատում էի մարդու համար, ով պատրաստվում էր ինձ հետ հաշվեհարդար տեսնել»,-հետին թվով իր նախընտրական գործունեությունն է ամփոփում «Ցուցահանդեսային կենտրոնի» տնօրենը։ Այսօր նա վստահեցնում՝ դիմելու է դատարան։
Մինչ այդ հանդիպել է ՄԻՊ գրասենյակի իրավաբանների հետ հասկանալու համար, թե ինչ է հնարավոր անել։ Այստեղ ջանացել են Մհեր Գրիգորյանին հասկացնել, որ նախարարն իրավացի է։ «Ու դրանք ՄԻՊ իրավաբաններն են»,-հեգնում է «Ցուցահանդեսային կենտրոնի» տնօրենը։
«Իմ հետ վարվեցին անասունի նման»,-իրեն աշխատանքից ազատելու մշակույթի նախարարի հրամանի մասին ասում է նա։