ԵՊՀ-ում ընտրեցին լավագույն ուսանողներին
«Որտեղ էլ որ լինենք, միշտ պետք է հիշենք, որ մենք համալսարանի զավակներն ենք, և նա մեր հոգևոր մայրն է»,- այսպիսի խոսքերով բացեց «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությանը և ԵՊՀ-ի 93-ամյակին նվիրված միջոցառումը ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Այսօր հանդիսավոր պայմաններում հայտարարվեցին ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից լավագույնի կոչմանն արժանացած ուսանողների անունները, և նրանց հանձնվեցին մեդալներ ու պատվոգրեր։
Մրցանակաբաշխությունը ուղեկցվում էր մեծ համերգային ծրագրով, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը։
Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ լավագույնը բացարձակ գերազանց առաջադիմություն, գիտական աշխատանքների հակվածություն, ինչպես նաև հասարակական ակտիվություն ունեցող ուսանողն է։
Նա նշեց, որ «լավագույն ուսանող» կոչմանն արժանացածներից շատերն ունեն լուրջ ձեռքբերումներ՝ տպագրված հոդվածներ միջազգային ամսագրերում, մասնակցել են տարբեր կոնֆերանսների։
Լավագույն ուսանողի կոչմանն արժանացած՝ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հայկ Մխոյանի կարծիքով այս մրցանակաբաշխությունը լավ միջոց է առավել ակտիվ ուսանողներին խրախուսելու համար։ Նա մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, ունի տպագրված հոդվածներ 20-րդ դարավերջին և 21-րդ դարասկզբին հայ-բրիտանական հարաբերությունների, նաև հայոց ցեղասպանության պատճառների մասին։
Իսկ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Պողոսյանի կարծիքով լավագույն ուսանողի կոչումը իրեն կտա առավել ինքնավստահություն՝ իր ծրագրերն իրագործելու համար։