Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մորֆինը կյանքը կդարձնի առանց ցավի (տեսանյութ)

Հասարակություն
0b91a9f75324f3efbe0420524746bb88

«Կյանք առանց ցավի» նախաձեռնությունը պնդում է՝ մարդը չպետք է տառապի ցավից, նա պետք է հնարավորություն ունենա ստանալ ցավազրկող համապատասխան միջոցներ։ Խոսքը վերաբերում է մորֆինի և հատկապես հաբերի տեսքով մորֆինի օգտագործմանը։

«Շատ նախնական ուսումնասիրությունով 3600 մարդ Հայաստանում այս պահին տառապում է ցավից, որովհետև ունի խրոնիկ հիվանդություն։ Այդ ցավը զսպելու, այդ հիվանդներին խնամելու հարցը մենք դիտում ենք որպես մարդու իրավունքների հարց»,- այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

«Կյանք առանց ցավի» նախաձեռնության քարոզարշավը կմեկնարկվի մայիսի 27-ին։ Նախաձեռնությանը աջակցում են ՀՀ առողջապահության նախարարությունը և բազմաթիվ բժիշկներ։ Ի դեպ 2009-ից ՀՀ առոջապահության նախարարությունը պալիատիվ խնամքը ներառել է բուժօգնության տեսակների ցանկում։

«Բաց հասարակության ինստիտուտի» Նյու-Յորքի Պալիատիվ խնամքի միջազգային խորհրդատու Սթիվեն Քոնները նշեց, որ բազմաթիվ երկրներում պալիատիվ խնամքի տրամադրման փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան երկրներ, որտեղ պալիատիվ խնամք ընդհանրապես չի տրամադրվում, և անգամ տեղեկություն չկա նման խնամքի ձևի վերաբերյալ, և կան երկրներ, որտեղ պալիատիվ խնամքը մեծապես ինտեգրված է առողջապահության համակարգում։

«Կարծում եմ, որ առողջապահության համակարգը չի կարելի համարել լիարժեք, եթե այն չի ընդգրկում պալիատիվ խնամք։ Հայաստանը ամենաառաջին մակարդակում է գտնվում, քանի որ այնտեղ նոր սկսվում է պալիատիվ խնամքի տրամադրում»,- ասաց Սթիվեն Քոնները։ Նա նշեց, որ հարկավոր է ներմուծել հաբերի տեսքով մորֆին, որը Հայաստանում չկա։ Ըստ նրա՝ մորֆինի օգտագործման անհրաժեշտ չափաքանակը բժշկության համակարգում Հայաստանում սարսափելի ցածր է և շատ է զիջում եվրոպական երկրներին։

Վտանգը, որ մորֆինը կարող է ապօրինի դաշտ գնալ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը իրատեսական չի համարում։
Նա նշեց, որ Առողջապահության նախարարությունը մշակելու է համապատասխան մեխանիզմներ, որ և բժիշկը առանց կողմնակի վախի նշանակում անի, և միաժամանակ գործընթացը այնպես վերահսկելի և թափանցիկ լինի, որ դեղերը ապօրինի շրջանառության դաշտ այդ չգնան։ Նա հավելեց, որ այօր էլ բժիշկները բարեխիղճ են և ապօրինի օգտագործման դաշտ թմրամիջոցները ամենաքիչը ներթափանցում են բժշկական համակարգից։