Պտույտ Երեւանի թանգարաններում
Ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր Հայաստանի բոլոր թանգարանների մուտքը անվճար կլինի այցելուների համար. «Թանգարանային գիշեր է»։ Իսկ երեկ Թանգարանների միջազգային օրն է։ Մեր թղթակիցը երեկ եւ այսօր շրջել է Երեւանի մի քանի թանգարաններում՝ պարզելու՝ արդյո՞ք երեւանցիները միայն անվճար մուտքի դեպքում են այցելում թանգարան, թե՞...
Դպրոցական էքսկուրսիաների մշտական վայր
Հատկապես տարեվերջին Թումանյանի տուն-թանգարանը լի է դպրոցականներով: Թանգարանի ավագ գիտաշխատող Անահիտ Նալբանդյանը նշեց, որ իրենք միշտ գոհ այցելուների թվից. և Երևանի, և մարզերի դպրոցները միշտ էքսկուրսիաներ են կազմակերպում թանգարան: Նա նաև տեղեկացրեց, որ թանգարանի խնդիրներից մեկը հենաշարժակով մարդկանց սպասարկումն է, քանի որ տուն-թանգարանի աստիճանները բարձրանալը լուրջ խնդիր է նրանց համար:
Փորձում են ավելացնել թիվը
Երվանդ Քոչարի թանգարան համեմատաբար ավելի քիչ են այցելում: Ինչպես նշեց թանգարանի գլխավոր ֆոնդապահ Քնարիկ Շախատունին, իրենք դժգոհ չեն այցելուների թվից, բայց կցանկանային ավելանար այն, կցանկանային դպրոցներում ավելի տեղեկացված լինեին և ավելի հետաքրքրված ժամանակակից հայ արվեստով ու մեծ արվեստագետի աշխատանքներով: Թանգարան մարզերից քիչ են այցելում: Եվ քանի որ կա խնդիր, ուստի իրենք ծրագիր են մշակել ցուցադրություններ կազմակերպել մարզերում, տարբեր ծրագրեր իրականացնել մարզերի դպրոցների հետ: Թանգարանի աշխատակիցը հայտնեց, որ անցյալ տարի թանգարանային գիշերների օրը իրենք 1800-ից ավելի այցելու են ունեցել:
Կկորցնենք մի քանի սերունդ
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ապրում է ակտիվ մշակութային կյանքով և ներկայանում է ոչ միայն որպես թանգարան, այլև մշակութային կենտրոն, որտեղ տեղի են ունենում բազմաթիվ երեկոներ, համերգներ»,- ասաց թանգարանի տնօրեն տնօրեն Արմինե Գրիգորյանը: Նա նշեց, որ այցելուների քանակը վերջին տարիներին զգալի ավելացել է, սակայն թանգարանը կարող է ընդունել շատ ավելի այցելուներ: Թանգարան շատ են այցելում հատկապես զբոսաշրջիկները:
Տուն-թանգարանն իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր՝ փորձելով երեխաներին վաղ հասակից բերել դասական երաժտության աշխարհ, քանի որ, ըստ Արմինե Գրիգորյանի, գալիս է մի տարիք, երբ այդ բացը դժվար է լրացնել:
«Ցավալի է, բայց հեռուստատեսության ազդեցությունը շատ մեծ է: Ցածրորակը միշտ էլ ավելի հեշտ է սերմանել: Մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, այլապես կկորցնենք մի քանի սերունդ, և հետո արդեն շատ դժվար կլինի վերադառնալ. արժեքները ամբողջությամբ կփոխվեն, և մենք այդ երեխաների հետ կխոսենք տարբեր լեզուներով»,- ասաց թանգարանի տնօրենը: Տնօրենի կարծիքով թանգարանները արտասահմանում ծաղկում են հովանավորների շնորհիվ: Իսկ Հայաստանում միայն պետական հովանավորչություն է: «Եթե հովանավորչական հարցը լուծվի, շատ խնդիրներ կվերանան»,- գտնում է Արմինե Գրիգորյանը: Իսկ թանգարանում աշխատում են նվիրյալներ, և կան բազում ծրագրեր, որոնք չեն իրականացվում միայն ֆինանսական պատճառներով: Անցյալ տարի թանգարանային գիշերը թանգարանն ունեցել է մոտ 5000 այցելու, և տնօրենը կարծում է, որ այս տարի եթե չավելանա նրանց թիվը, ապա չի նվազի:
Օտարերկրացիները լցվում են հարգանքով
Հայաստանի պատմության թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչը նշեց, որ այցելուների պակաս իրենք երբեք չեն ունենում: Նա շեշտեց, որ սա այն եզակի վայրն է, որտեղ կարող են ծանոթանալ ամբողջ հայոց պատմությանը, և որ հայ այցելուները այստեղից դուրս են գալիս հպարտությամբ, իսկ օտարները` մեր ազգի հանդեպ հարգանքով լցված` հասկանալով, որ սա սովորական մշակույթ չէ, այլ մի մշակույթ` յուրահատուկ փիլիսոփայությամբ: Նա նշեց, որ այցելուները միշտ առանձնահատուկ գոհ են մնում թանգարանի սպասարկումից, էքսկուրսավարների` նյութի մատուցումից:
Մերժեցին պատասխանել
Ի տարբերություն մյուս թանգարանների աշխատակիցների պատրաստակամության` ներկայացնելու իրենց թանգարանի աշխատանքը, Եղ. Չարենցի թանգարանում տնօրենը շատ կոպիտ մերժեց մեր խնդրանքը, և մեզ թույլ չտրվեց զրուցել աշխատակիցներից որևէ մեկի հետ: