«Քվիլթ»՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին
Երեկ ամբողջ աշխարհը հարգեց ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակը եւ արտահայտեց իր համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին:
ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է Սան Ֆրանցիսկոյում 1983 թվականին: Միջոցառման կազմակերպիչներն այն մարդիկ էին, ում կյանք էր ներխուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը:
Այդ ժամանակից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր:
«Քվիլթը» ողջ աշխարհում իրականացվող ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի ամենամեծ հասարակական ծրագիրն է: «Քվիլթ» նշանակում է լաթերից կարված ծածկոց: Ըստ հնում ծագած ավանդույթի` ծածկոցը կարել են նրա ընտանիքի անդամները, հարևանները և ծանոթները` ի հիշատակ մահացածի: Այդ նպատակով օգտագործվել են բազմագույն լաթեր:
ՄԻԱՎ վարակի համաճարակը նոր հնչեղություն հաղորդեց լաթերից կարվող ծածկոցի ավանդույթին: Առաջին անգամ «Քվիլթը» կարել է Ջոնս Քլիվը, ինչով արտահայտել է ՁԻԱՀ-ից մահացած իր ընկերոջ կորստի ցավը: Միջոցառման նպատակը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակը հավերժացնելն ու համաճարակի կործանարար ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելն է:
«Քվիլթը», որի յուրաքանչյուր կտորը նվիրված է ՁԻԱՀ-ից մահացած մեկ մարդու հիշատակին, հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ՄԻԱՎ վարակի համաճարակի իրական մասշտաբների մասին, գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադրությունը, ովքեր երբևէ չեն էլ մտածել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին՝ կարծելով, թե այդ խնդիրն իրենց չի վերաբերում: