ԿԳ նախարար. «Միանգամից չի փլվում պատնեշը»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Կրթության որակ և համապատասխանություն՝ երկրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը՞:
Արմեն Աշոտյանը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի միջանկյալ գնահատականը ծրագրի ընթացքի վերաբերյալ, որը կտրամադրվի ինչպես կոլեգիայի անդամներին, այնպես էլ հասարակության լայն զանգվածներին և շահառուներին:
Կոլեգիայի անդամներին "Կրթության որակ և համապատասխանություն" երկրորդ վարկային ծրագրի ընթացքի և հետագա անելիքների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացրել "Կրթական ծրագրերի կենտրոն" /ԾԻԳ/ տնօրեն Հասմիկ Ղազարյանը:
ԾԻԳ-ի տնօրենը նշել է, որ ծրագրի ընդհանուր արժեքն է 31.26 մլն ԱՄՆ դոլար:
Տիկին Ղազարյանն ընդգծել է, որ ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից` հանրակրթության ոլորտի բարեփոխումներ և աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումներին` Բոլոնիայի գործընթացի շրջանակում:
Ծրագրի ընթացքի վերաբերյալ բանախոսին իրենց հարցերն են ուղղել կոլեգիայի անդամները, մասնավորապես, Անահիտ Բախշյանին հետաքրքրել է, թե տեխնիկական վերազինումից զատ որակական և բովանդակային ինչպիսի փոփոխություններ են կրել ծրագրին մասնակից ուսումնական հաստատությունները՝ հատկապես ավագ դպրոցում կրթության որակի բարձրացման, առանձին ավագ դպրոցների ցանցի կայացման և զարգացման տեսանկյունից:
Տիկին Բախշյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման մեխանիզմներին՝ նիստին ներկա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին առաջարկելով առավել մանրամասն ներկայացնել ծրագրին մասնակից բուհի խնդիրները և անելիքները:
Ի պատասխան՝ բուհի ռեկտորը պարզաբանել է եվրոպական կրթական գնահատման համակարգի անցմանը մանկավարժական համալսարանի մոտեցումները՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրականացվել է հսկայական աշխատանք՝ մշակվել են համապատասխան փաստաթղթեր, ճշգրտվել են ուսանողների մանկավարժական պրակտիկայի անցկացման մեխանիզմները:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին առավալապես հետաքրքրել է միջազգային փորձագետների ներգրավվածության խնդիրը և վերջիններիս ներկայացրած փորձի տեղայնացումն ու կիրառումը հայկական իրականության մեջ:
Իրենց հուզող հարցերն են բարձրացրել նաև կոլեգիայի անդամ հասարակական սեկտորի ներկայացուցիչները, որոնք, մասնավորապես, վերաբերել են ծրագրի շրջանակում իրականացվող կրթական ծառայությունների ֆինանսական բաշխվածության և հեռավոր գյուղական համայնքների դպրոցներում համացանցի մատչելիության խնդիրներին:
Ամփոփելով նիստի արդյունքները և շնորհակալություն հայտնելով կոլեգիայի անդամներին՝ արդյունավետ աշխատանքի համար, նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթական համակարգի բովանդակային փոփոխությունները, որպես կանոն, արդյունք են նախևառաջ տեխնիկական հագեցվածության, ինստիտուցիոնալ և մեթոդական փոփոխությունների:
«Շատ հաճախ առանձին կրթական ծրագիր իրականացնելով՝ մենք ակնկալում ենք համակարգային փոփոխություններ, սակայն դա այդպես չէ: Կամաց-կամաց է ճեղքը պատուհան դառնում, և միանգամից չի փլվում պատնեշը՝ հնի ու նորի: Իրականում բուհական հավատարմագրման անցումային այս շրջանը մեծագույն մարտահրավեր է վերջիններիս համար՝ հասարակությանն ապացուցելու իրենց մատուցած կրթական ծառայությունների որակը: Ակնհայտ է, որ իրավական, կառուցվածքային միջավայրը փոխվում է, սակայն կրթության որակի ապահովման տեսանկյունից հայաստանյան բուհերը դեռևս հսկայական աշխատանք ունեն կատարելու: Մեր բանաձևը շատ պարզ է՝ հինգ տարվա մեջ ունենալ միջազգային հավատարմագրված հինգ բուհ կամ կրթական ծրագիր»,- ասել է նախարարը։
Կոլեգիայի ավարտին ընդունվել է որոշում՝ համաձայն որի ի գիտություն է ընդունվել Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրենի ներկայացրած զեկույցը և առաջարկ է հնչել կոլեգիայի նախագահին՝ Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի գնահատման միջանկյալ զեկույցը տրամադրել նաև կոլեգիայի անդամներին:
Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։