Մարի Ռոզ. «Ուրիշի պետությունն ենք շենացնում»
«Երբ ես Հայաստանում չեմ, ինձ համար միևնույն է` որտեղ եմ ապրում»,-անկեղծանում է ամերիկաբնակ դերասանուհի Մարի Ռոզը հայ լրագրողների հետ հանդիպմանը։
Այս անգամ նա Հայաստան է եկել «Տիգրան Մեծ» մենաներկայացմամբ,որը հանդիսատեսի դատին հանձնվել է մայիսի 21-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Մենաներկայացումը (14 կերպար, 1 դերասան) հիմնված է Պերճ Զեյթունցյանի «Աստծո տասներկու օրը» թատերգության, հայոց պատմության և Մարի Ռոզի խոհերի վրա:
Պրիմերիան տեղի է ունեցել Կիպրոսում:
Չնայած հայաստանյան տեխնիկան ու բեմի կահավորումը հաճախ ցանկալիին չեն համապատասխանում (օրինակ` Ստանիսլավսկու անվան թատրոնում գահ չկա), դերասանուհին սիրով է բեմ ելնում:
Մարի Ռոզի բոլոր ներկայացումները, որոնց թե՛ ռեժիսորը, թե՛ սցենարիստն ու երաժշտական ձևավորում ապահովողը միայն ինքն է, հանդիսատեսին հայրենասիրական ոգի ներշնչելու, սփյուռքահայերին ոտքի հանելու ու պահանջատեր դարձնելու նպատակ ունեն: «Մեր հողերը լքել ենք, ուրիշի պետություններն ենք շենացնում: Պետք է ստիպենք մեր պետությանը մտածել այդ մասին», - ասում է դերասանուհին:
Սփյուռքն այսօր ունի բազում խնդիրներ, որոնք պետք է հայտնվեն ՀՀ-ի ուշադրության կենտրոնում: Սփյուռքի նախարարության ստեղծումն էլ դերասանուհու կարծիքով փրկություն չէ. այն միայն գործարար մարդկանց հետ է կապեր հաստատում: