ՀՀԿ շենքն այրվում էր/լրացված (տեսանյութ)
Այսօր երեկոյան Երեւանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակն այրվում էր։ Մելիք-Ադամյան փողովի վրա գտնվող շենքի տանիքից թանձր ծուխ ու բոց էր ելնում։ Հաշված րոպեներ անց դեպքի վայր ժամանեց Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության երեք մարտական հավարկ։
Քիչ անց ժամանեցին եւս յոթ հրշեջ մեքենաներ։ շտապօգնության մեքենաները, բարեբախտաբար պետք չեկան՝ հրդեհն սկսվելուց անմիջապես հետո կուսակցության գրասենյակի բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել էին։ ԱԻՆ փրկարարական ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը 18 անց 40՝ հրդեհը բռնկվելուց մեկ ժամ չանցած ազդարարեց, որ հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը։
«Ոչ մի տուժած չկա, շենքին մեծ վնաս չի պատճառվել։ Հիմնականում այրվել է տանիքի փայտածածկ հատվածը», - նշեց նա:
Փրկարար ծառայության փոխտնօրենը չհաստատեց շրջանառվող ենթադրությունն այն մասին, որ հրդեհի բռնկման պատճառը շենքի տանիքի էլեկտրալարերի կարճ միացումն է։ Ըստ նրա, այդ հարցով կզբաղվի ԱԻՆ հատուկ տեսչությունը։ Փոխարենը, գեներալ Գաբրիելյանը միանգամից անհավանական համարեց դեպքի վայրում հավաքվածների շրջանառած վարկածն այն մասին, որ հրդեհից առաջ պայթյուն է լսվել։ Ըստ նրա, կարող է տանիքի ծածկի նյութերն այրվելիս ճարճատեն եւ պայթյունի տպավորություն թողնեն։
Դեպքի վայրում գտնվող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մասնագետի կարծիքին շատ բան չավելացրեց՝ «Ես ով եմ, որ պարոն գեներալից հետո հրշեջ ծառայությունից խոսեմ։ Կարող եմ ասել միայն, որ կա շենքի հոսանքի գծագիրը, բոլոր վարկածները կքննարկվեն, եւ մասնագետները կտան իրենց եզրակացությունը», - նշեց նա։
Դեպքի վայր էին ժամանել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Կամո Արեյանը եւ այլ քաղաքական ու պետական գործիչներ։