ՙՄնացեք Ձեր հողում»
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղի նորակառույց դպրոցը բացվեց։
Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:
Դպրոցի կառուցումը համաֆինանսավորել են ՙՎարդանյանների ընտանիք՚ բարեգործական կազմակերպությունը եւ ԼՂՀ կառավարությունը:
Այս մասին հայտնում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը։
Երկհարկանի դպրոցն ինքնատիպ ճարտարապետական լուծումներով կառույց է, որն իր հարկի տակ կարող է ընդունել ավելի քան 300 աշակերտի:
Ներկայումս այստեղ ուսանում է 140 աշակերտ: Նորակառույցն ապահովված է ժամանակակից պայմաններով` ներառյալ գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան եւ հինգ լաբորատորիաներ: Կրթօջախն ունի նաեւ խաղահրապարակ եւ ֆուտբոլի դաշտ:
Դպրոցի ամբողջական կահավորումն էլ իրականացրել է Բրազիլիայի տեղական մարմինը` բրազիլահայ համայնքի ջանքերով:
Հանդիսավոր արարողությունը շարունակվեց նաեւ Մարտունի քաղաքում, որտեղ հոգեւոր հայրերի օրհնությամբ բացվեց քաղաքի խմելու ջրի ցանցը: Կառուցվել են նոր ջրատարներ, ներքին ցանց եւ մաքրման կայան: Արդյունքում` քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:
ՙՄնացեք Ձեր հողում, իսկ ՙՀայաստան՚ հիմնադրամը կսատարի Ձեզ՝ ինչով կարող է՚,- մարտունեցիներին դիմեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը :