Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուժածը կտրել է անոթները

Հասարակություն
e2d056e3af8c829b829b8e0e16b9b396

53-ամյա Վրեժ Գալստյանը այսօր առավոտյան սովորականի պես բոխի քաղելու էր գնացել: 20 եւ ավելի տարի է, ինչ Վրժեը ոտքի տակ է տալիս մոտակա սարերը եւ լավ գիտի, թե Սիսիանի որ գյուղում բոխին երբ է հասնում: Հերթական անգամ ուղղություն է վերցրել դեպի Սոֆուլու գյուղի սարերը:

Դեռ նոր էր սկսել բոխի քաղել, երբ Վրեժը նախաբազկի հատվածում նախ ծակոց զգաց, հետո նկատեց, թե ինչպես է թփի տակից մոտ 1.5 մետր երկարությամբ գյուրզա օձը սողալով հեռանում: «Հեսա քանի տարի ա բոխու եմ գնում, օձ շատ եմ հանդիպել, բայց էդ մեկը շատ մեծ էր: Եթե նկատած լինեի կանգնեի ինքը կհեռանար: Օձից պետք չի վախենալ»,- ասում է Վրեժը:

Վրեժին օձը խայթել է առավոտյան 9:30-ի, որից հետո նա իր ձեռքի տակ գտնվող դանակով նախ թեւին կտրվածք է արել, հետո կապել թեւը: Մինչեւ մոտակա գյուղ հասնելը նա բավականին արյուն է կորցրել: Վրեժ Գալստյանին Սիսիանի հիվանդանոց են հասցրել միջին ծանր վիճակում:

«Այս տարվա մեջ օձի խայթոցի առաջին դեպքն է գրանցվում: Վերջին մի քանի տարվա ընթացքում Սիսիանի հիվանադանոց օձի խայթոց չի գրանցվել: Սիսիանի համար օձի խայթոցը եզակի երեւույթ է: Հիշում եմ վերջին անգամ լուրջ օձի խայթոց գրանցվել է 1982թ.-ին տարածաշրջանի Վաղուդի գյուղում, էլի բոխի հավաքելու էր գնացել: վաղուդու դեպքը լուրջ հետեւանք ունեցավ թեւը կտրեցին, քանի որ էնտեղ բարդություններ էր առաջացել»,- տեղեկացնում Է «Սիսիանի բժկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Թադեւոսյանը:

Այսօրվա դեպքն առանձնահատուկ էր նրանով, որ կատարած կտրվածքի արդյունքում Վրեժի մոտ առաջացել է սուր արյունահոսություն: Հիվանդանոցում տուժածին ցացաբերել են առաջին բուժօգնություն` նախ դադարեցրել են արյան հոսքը, սիստեմաներ են միացրել, ներարկել են անտիգյուրզին:

Այժմ հիվանդի վիճակը գնահատվում է կայուն, բավարար: «Տուժածը մեծ սխալ է գործել, որ կատարել է ինքնաբուժում, դանակով վնասել էր սեփական անոթները, որն անթույլատրելի է: Այստեղ ոչ այնքան օձի խայթոցն էր վտանգ ներկայացնում, այլ այն, որ նրան բուժհաստատություն են հասցրել գրեթե արյունաքամ վիճակում»,- նշում է «Սիսիանի բժկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը:

Արտյոմ Թադեւոսյանը վստահեցնում է բուժհաստատությունը ապահոված է հակակատաղության, հակափայտացման, անտիգյուրզին առաջնային բուժօգնության վակցինաներով:

Սյունիքի մարզում այս տարի գրանցել է օձի խայթոցի 9 դեպք: 2011 թ-ին այդ թիվը 25 է եղել, մեկը` մահվան ելքով: