Քյարամ Ամոյանի հարազատները բողոքում են (տեսանյութ)
2011թ-ի սեպտեմբերի 23-ին վնասազերծված ավազակախմբի գործով անցնող 19-ամյա Քյարամ Ամոյանը անազատության մեջ երկրորդ կաթվածն է ստացել։
«Կամ թող իմ որդուն տան, ես տանեմ բուժեմ գրավի դիմաց, կամ էլ թող իրենք իրենց գործը անեն, եթե երեխաս մեղավոր է, թող դատեն իմ երեխային»,- այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Քյարամ Ամոյանի մայրը՝ Կարինե Ամոյանը։
Քյարամ Ամոյանի հարազատները հայտնեցին, որ նրա վիրահատության համար անհրաժեշտ է 10 հազար դոլար: Մինչ այսօրվա բողոքի ակցիան մայրը բազմիցս է նշել, որ իր որդին այդ հանցագործության հետ կապ չունի, սակայն նրա մեղավոր կամ անմեղ լինելու հարցն այսօր երկրորդական է համարում։
«Իմ տղայի կյանքի հարցն է։ Ես խոսում եմ, իմ երեխայի առողջության մասին»,- հայտնեց Կարինե Ամոյանը։
Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ ձերբակալվելը որդինարդեն գլխի վիրահատություն էր տարել, եւ ի վիճակի չէր կտրուկ շարժումներ կատարել: Նրա կարծիքով՝՝ սա արդեն բավարար հիմք է, որպեսզի բոլորն ընդունեն, որ իր որդին չէր կարող պաշտոնյաների եւ գործարարներ տների վրա հարձակում գործել.
«Ոչ իմ տղան եղել է դեպքի վայրում, ոչ իմ տղան մասնակից է եւ ոչ էլ հանցագործ»։
Ի պաշտպանություն Քյարամ Ամոյանի՝ այսօր գլխավոր դատախազության մոտ էին եզդի համայնքի ներկայացուցիչները, որոնք նշեցին, որ հանցագործության օրը երիտասարդը հիվանդանոցում է եղել:
Այսօր Կարինե Ամոյանին ընդունել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը եւ խոստացել, որ օրվա ընթացքում նրա հարցի պատասխան կտրվի: Ի դեպ, այսօր առավոտյան նմանատիպ բողոքի ակցիա են իրականացրել նաեւ նախագահական նստավայրի առջեւ։