Ինչո՞ւ են լռում պատկան մարմինները
«Քաղաքի կենտրոնում ճարտարապետական հուշարձանը կորցնում է իր տեսքը, իսկ պատկան մարմինները լռում են, իրավապահ անձինք քայլ իսկ չեն ձեռնարկում»,- ահազանում է «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնության անդամ, «Ժառնգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը։
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանի կարծիքով հատուկ հանցավոր ծրագիր է մշակվել, որ գործել է նաև Փակ շուկայի դեպքում. տարածքը վաճառվում է, անմարդկային պայմաններ են ստեղծվում, որպեսզի բնակիչներն իրենք խոսեն դրա փլուզման օգտին։
Նախաձեռնության անդամները պատկան մարմիններից պահանջում են այն հուշարձանների ցուցակը, որոնք վաճառվել են, որպեսզի հնարավորություն ունենան դրանց ճակատագրին հետևելու և հարկ եղած դեպքում միջամտելու։
Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց մի փաստաթուղթ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մարտին արդեն իսկ տվել է եզրակացությունը Փակ շուկայում տարվող աշխատանքների մասին՝ դրանք համարելով ինքնակամ։
Սեփականատիրոջը թույլ է տրվում միայն ամրացնել հիմքերը՝ առանց ներքին և արտաքին տեսքին դիպչելու, առանց տարածածավալական ընդգրկումը խախտելու։
Հետևաբար՝ ինչպես եզրակացնում են «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնության անդամները, աշխատանքները ապօրինի են և քրեորեն պատժելի։
Ստեփան Սաֆարյանի համար տարօրինակ է միայն, թե ինչու են պատկան մարմինները լոկ ուսերը թոթվում և բավարարվում միայն «շինարարական թույլտվություն չի եղել» ասելով։