Նոր խորհուրդ՝ առանց ծրագրի
Նախագահին առընթեր երիտասարդների հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծելու երկու ամիս առաջ գրված առաջարկ-նամակին նախագահը դեռ չի արձագանքել։ Նախաձեռնության անդամները, ՀՀ նախագահի լռությունը իբրև պատասխան չորակելով, մայիսի 31-ին նորից հավաք են գումարելու՝ հետագա անելիքները ճշտելու համար։
«Ես ներքևից եմ նայում երիտասարդներին, ոչ թե վերևից, և ինձ համար բացթողումներն ավելի տեսանելի են»,-«Արցախ» մամլո ակումբում ասուլիսի ժամանակ նշեց երիտասարդների հարցերով զբաղվող նոր խորհուրդ ստեղծելու նախաձեռնության նախագահ Արման Սարգսյանը։ Չնայած ասուլիսին ներկա նախաձեռնության անդամները երիտասարդների խնդիրներին վերաբերող բազում հարցադրումներ և տարվող աշխատանքներից դժգոհություններ բարձրացրին, սակայն այդպես էլ որևէ հստակ ծրագիր չառաջարկեցին։ «Դեռ ծրագրեր չկան։ Երբ առաջարկը հաստատվի, անելիքների մասին կմտածենք»,- ասացին նրանք։
Նշենք, որ հակադարձող կողմը՝ ի դեմս ՀՀ վարչապետին կից գործող երիտասարդների հարցերով խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի, դեպքերի նմանատիպ զարգացման դեպքում երկու խորհուրդների միաժամանակ գոյությունը և համագործակցությունը հնարավոր է համարում։