Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաչքավոր ընտանիքը նպաստ չի ստանում (տեսանյութ)

Հասարակություն
b8110d41ef19ee7522e5b9b6883a0b3a

Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղի բնակիչ 65-ամյա Լեքսեմա տատի ջերմուկցի հարսը, 2 տարի առաջ թողնելով 2 երեխաներին, հեռացավ գյուղից:

Լեքսեմա Բաղիկյանը լավ չի տեսնում, ինչը պայմանավորում է շաքարախտ հիվանդությամբ, սակայն իր մասին մտածելու ժամանակ գրեթե չի ունենում։
«Կլուխս պտտվում ա, ճնշումս պանցրնըմ ա մինչեւ 160-180, դեղն էլ խմըմ եմ, շաշվըմ եմ: 29.000 դրամ թոշակ եմ ստանըմ: Էդ էլ չեմ իմանըմ գերենական պիտույք առնեմ, էն էլ կիսատ -պռատ, թե էս էրեխեքի համար սնունդ առնեմ: Արդեն իրանց հասունացման շրջանն ա, պետք է լավ սնվեն: Շատ վատ ենք, լավ պան չկա»,- ասում է Լեքսեմա տատը:

Բաղիկյանների ունեցածը 6 հատ հավն է: Անասունները ծախեցին, երբ հարսի մոտ կրծքագեղձի ուռուցք ախտորոշվեց: Թռչուններին կերակրելը 15-ամյա Դավիթի գործն է: Տղան ցավով է նշում` ձմռանը ստիպված կլինեն մորթել դրանք` կեր չլինելու պատճառով: 15-ամյա տղան առարկաներից մաթեմատիկան է շատ սիրում: «Մեծանամ՝ որոշել եմ հաշվապահ եմ դառնալու»,- նշում է տղան:

13-ամյա Վարդուհին նախընտրում է գրականությունն ու հայոց լեզուն, նաեւ սիրում է տնային գործերում օգնել տատիկին: Արդեն որոշել է` ձեւավորող է դառնալու:

Անգեղակոթի ամենաչքավար համարվող այս ընտանիքը ընդգրկված չէ ընտանեկան նպաստի համակարգում: Տան հայրն էլ հիմնական աշխատանք չունի, սեզոնից սեզոն է նրա գործը պահանջված: Անգեղակոթ հասած օգնությունից համայնքապետարանը Բաղիկյանների ընտանիքին էլ է բաժին հանում: 65-ամյա Լեքսեմա տատը գյուղի ամբուլատորիայից անվճար դեղորայք է ստանում: Այս ամենով հանդերձ Սերոբի տան հոգսը չի թեթեւանում: Չնայած ծանր աշխատանքին` Սերոբը գիտակցում է` ոչ ոք իր ընտանիքը իր փոխարեն չի պահելու:

«Ինչ որ պահանջում են անում եմ էլի, հիմնականում հողի աշխատանք ա էս ժամանակ: Բերում ենք հացի, վերմիշելի, ծերը ծերին հազիվ հասցնում ենք էլի: էրեխեքը երկուսն էլ լավ են սովորում, ասում եմ թող դասերից հետ չմնան, դրա համար դասագրքերի փողը մի քիչ ուշացումով բայց տալիս ենք: Որն էլ չենք հասցնում պարտքով ենք վերցնում հետո տալիս ենքե,- նշում է 45-ամյա հայրը:

Բաժանումից հետո մայրը եւ ոչ մի անգամ չի այցելել երեխաներին: Վերջիններս կարոտում են մորը, բայց եւ շարունակում են ապրել հիվանդ տատի եւ աշխատելու պատրաստ հոր մոտ: Ամռան շրջանում Սերոբ Բաղիկյանի հավատարիմ եւ անբաժան ընկերը բահն է, նա հերթական այգին մշակելու է գնում. պարկի ալյուրն արդեն ավարտվել է: