Մրցանակաբաշխության բացահայտումը
«Orange գրքի մրցանակ 2011» ամենամյա մրցույթի արդյունքում ընթերցողի գրասեղանին ևս չորս գիրք հայտնվեցին՝ Նարինե Կռոյանի «Շների համաստեղությունը» (վեպ), Վիոլետ Գրիգորյանի «Կամուրջ դեպի Տանյան» (էսսեներ), Վահրամ Մարտիրոսյանի «Չարենց» (գեղարվեստական կինոնկարի սցենար), Տաթև Դերզյանի «Ֆուտբոլի գնդակի երազանքը» (պատմվածք):
Մրցույթի շրջանակներում ներկայացվել են շուրջ 130 անտիպ գործեր, որոնք նախ ընթերցվել են մասնագիտացված հանձնաժողովի կողմից՝ գրականագետներ, կինոգետներ, լրագրողներ, ապա առանձնացված ստեղծագործությունները դրվել են առցանց քվեարկման: Հանձնաժողովի և ընթերցողների հավանությանը արժանացած ստեղծագործությունները տպագրվել են 500 օրինակով:
Տարիքային որևէ սահմանափակում չդնող նմանատիպ մրցույթները գրող Վիոլետ Գրիգորյանի կարծիքով գրականության մեջ եղող «սերունդ», «տարիք» կարծրատիպերը և բարդույթները հաղթահարելուն են միտված: Այս մրցանակաբաշխության բացահայտումը հանձնաժողովի անդամների հավաստմամբ՝ 16-ամյա Տաթև Դերզյանի մուտքն էր գրական աշխարհ:
«Սա պրոֆեսիոնալ գրքի մրցանակ չէ, սա ընթերցողի մրցանակն է: Մրցույթի նպատակն է եղել խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը, օգնել ժամանակակից հայ գրողներին ճանաչվել ընթերցասեր հանրության կողմից և բացահայտել նոր գրական անուններ», - նշեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան գրքերի շնորհանդեսի ժամանակ: