Թմրանյութ են պատրաստել ավտոմեքենայում
Հունիսի 1-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Մրգավան գյուղի վերջնամասում գտնվող երկաթգծին հարակից դաշտից, իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին և երկու ուղևորներին:
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է գազօջախ` 3 կգ տարողությամբ, մետաղյա տարայի մեջ լցված մոտ 24 գ անգույն, յուրահատուկ հոտով թմրանյութի նմանվող հեղուկ` սպիտակ փոշենման զանգվածի նստվածքով, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինի հոտով մոտ 300 գ դեղնավուն հեղուկ` սպիտակ նստվածքով, «Կաֆետին» տեսակի դեղահաբի դատարկ պատիճ, «Դիմիդրոլ» տեսակի դեղորայքի 2 պատիճ` դեղահաբերով, և 5 մլգ տարողության 2 ներարկիչ:
Բերման ենթարկվածները խոստովանել են, որ հիշյալ ավտոմեքենայի սրահում գազօջախի վրա պատրաստել են թմրանյութ` ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։