Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակ կոմբայնավարը Ռուսաստան է գնացել

Հասարակություն
df17f0f0ce2a2e6c67b1ea34173f3e72

ՙՕդը մաքուր ջուրը սառը, ինչ որ ցանկանաս կա՚. -76-ամյա Արշալույս տատը հայրենի Գետաթաղ գյուղի առավելություններն է թվարկում: Դրանցով հանդերձ Սիսիանի շրջանի Գետաթաղ համայնքը ընդգրկված է հանրապետության 200 առավել անապահով գյուղերի ցանկում:

Ծովի մակարդակից 1470 մ բԱրձրության վրա գտնվող գյուղի 33 տնտեսությունում 178 մարդ է ապրում, հիմնականում թոշակառուներ: Այս տարի Գետաթաղը լքել է 8 մարդ:

ՙՈչ մի աշխատատեղ չկա: Մարդիկ չեն ուզում իրենց ծնողների թոշակի հույսին մնալ: Ցավն են ա, որ ովքեր գյուղից հեռանում են հույս չկա, որ կվերադառնան՚,- նշում է համայնքի ղեկավար Արթուր Դավթյանը:

Գետաթաղի գյուղապետարանը 3 աշխպոտող ունի, մեկ գետաթաղցի հարեւան Շամբ համայնքում է աշխատում: Եւս մեկ աշխատող ունի համայնքի տարրական դպրոցը, ուր հաճախում է 3 աշակերտ:

Դպրոցական շենքը 1942թ.-ի կառուցած հողաշեն կառույց է, որտեղ հիմա մի ընտանիք է ժամանակավորապես ապրում: 30 եւ ավելի տարի է, ինչ գետաթաղցիների համար դպրոցական շենք է ծառայում համայնքային շինություներից մեկի 2 սենյակը:

19 գետաթաղցիներ միջնակարգ կրթություն ստանալու համար մոտ 1 կմ շատ հաճախ ոտքով ստիպված են հասնել հարեւան Դարբաս համայնք: Գետաթաղում 0-6 տարեկան 12 երեխա կա: Տարին արդեն կիսվել է, սակայն Գետաթաղում դեռ ոչ մի նորածին լույս աշխարհ չի եկել: 2011թ.-ին գյուղի ծխամատյանում 2 ծնունդ է գրանցվել: ՙԿտրված տեղ ա, ճանապարհը լավ չի, քինացող եկողը էնքան չկա: Աշխատող ծեռն ալ ստիպված ուզած-չուզած տուս ա կամ: Բայց որ պայմաններ իլի տուս չեն կալ, կմնան գյուղում՚,- իր տեսակետն է հայտնում Արշալույս Աղաբեկյանը:

''World Vision'' կազմակերպության եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ գյուղն ամբողջությամբ լուսավորվել է: Հունիսի 1-ից Գետաթաղում խմելու նոր ջրատար է անցկացվում, որի ավարտից հետո աշխատանքներ կտարվեն նաեւ ոռոգման ջրի խնդիրը լուծելու ուղղությամբ: Աշխատանքում ներգրաված են տեղաբնակներ: ՙԾանր, հիմնակաում ձեռքի աշխատանք է: Գյուղից օրական 4-5 ընտանիք աշխատում են ջրատարի կառուցման վրա, ֆինանսավորվելով դրա դիմաց՚,- ասում է համայնքի ղեկավարը:

Ապրիլ ամսին հարեւան Շամբ համայնք այցելության ժամանակ ՀՀ նախագահը խոստացել է մինչեւ տարեվերջ ասֆալտապատել ձորերի ենթաշրջան բերող եւ Սիսիանի հետ 10 գյուղերը կապող ճանապարհը: Ըստ Գետաթաղի համայնքապետի խոստումներ են եղել նաեւ լուծել գազիֆիկացման հարցը: Ձորերի ենթաշրջանում առաջնային խնդիր է հացահտիկահավաք կոմբայնի բացակայությունը: ՙԵս երիտասարդ գիտեմ, որը որ գյուղից հեռացել է, քանի որ սեփականաշնորհված հողեր ուներ ու ցանում էր: Տարի է եղել հացը, ցորենը թափվել է կամ էլ մնացել է անձրեւների տակ՚,- ասում է Արթուր Դավթյանը:

Գյուղացիների վարելահողերի մեծ մասը անմշակ են մնում կոմբային չլինելու պատճառով: Ձորերի ենթաշրջանի միակ կոմբայնավարը դարաբասցի Էդգարը այս տարի ՌԴ է գնացել, կոմբայնը վաճառելու համար արդեն հայտարարություն է տվել:

Գյուղի 700 հա հողերից (որից 100 հա սեփականաշնորհված, 600 հա-ը արոտ) Արթուր Դավթկյանի տեղեկատվությումբ անցած տարի հատկացվել է հարեւան Տոլորս համայնքին: Մինչ այդ Գետաթաղը հավաքագրում էր 692.000 հողի հարկ, հիմա 430.000 մուտքագրվում է Տոլորսի բյուջե: Գետաթաղին տրվող պետական դոտացիան 3.5 մլն է կազմում: Մարդիկ այստեղ տարակուսած են համայնքների միավորման մասին շրջանառվող լուրերից: