Դաժան սկեսուրի գործը կրկին հետաձգվեց
Արարատի եւ Վայոց ձորերի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի/ ք. Վեդի/ դատավոր Արմեն Բեկշաթյանն այսօր մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը։
Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել այն բանից հետո, երբ նա բավարարել էր ամբաստանյալի՝ Հայկանուշ Միքայելյանի պաշտպանի միջնորդությունը՝ դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
Գործով տուժող, ամբաստանյալի հարս Մարիամ Գեւորգյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանն «Ա1+»-ին հայտնեց, որ միջնորդության մասին որոշումը հրապարակելուց հետո դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալի աթոռին հայտնված Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսինը չէր ներկայացել դատարան։
Հիշեցնենք, որ Մարիամ Գեւորգյանն 2009 թ. ամուսնացել էր Դավիթ Զիրոյանի հետ եւ մեկնել են Սանկտ-Պետերբուրգ: Սակայն 10 ամիս հետո հետ էր վերադարձել Հայաստան։ Մարիամն այդ ընթացքում ենթարկվել էր խոշտանգումների եւ նույնիսկ հայրը օդանավակայանում չէր ճանաչել նրան։ Մարիամի նախկին սկեսուրը ձերբակալվել էր Ռուսաստանում եւ բերման ենթարկվել Հայաստան:
Հայկանուշ Միքայելյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2 մասի 5-րդ կետով՝ առանձին դաժանությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ խոշտանգում։ Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում։
Իսկ Մարիամի նախկին ամուսնուն՝ Դավիթ Զիրոյանին , մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու եւ ծեծ հոդվածներով, սակայն համաներմամբ ազատ է արձակվել:
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 14-ին, բայց այս անգամ, արդեն Արտաշատ քաղաքում, որպեսզի հնարավոր լինի նիստը ձայնագրել։