Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչներին զգուշացրել են՝ հնարավոր է փլուզում

Հասարակություն
b92ed79827e686ce324a90fc40733101

Ամեն վայրկյան Մինասյանների ընտանիքը կարող է զրկվել իր բնակարանից։ Պատճառը հենց տան հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքներն են։ «Սպիտակ տնակ» և «Շին տավր» կազմակերպությունների կողմից Զվարճանքի եւ առեւտրի կենտրոն է կառուցվում։

Մեկ շաբաթվա ընթացքում շինարարներն այնպիսի վնաս են հասցրել, որ այդեն իսկ խարխլվել է նրանց տան հիմքը։ Իսկ այսօր ճաքել են նաև տան պատերը։

«Երեկ շինարարության ղեկավարը եկավ մեր տուն և մեզ բանավոր կերպով զգուշացրեց, որ խնդրում ենք տանը չգտնվել, քանի որ հնարավոր է փլուզում տեղի ունենա»,- ասաց Թամարա Մինասյանը։

ԱռեւՇինարարական աշխատանքների պատճառով բացի Մինասյանների բնակարանից, խարխլվել են Բունիաթյան փողոցում գտնվող ևս մի քանի տների հիմքերը։ Շինհրապարակի անվտանգության պետ ներկայացած Կարեն Բալոյանը մեզ թույլ չտվեց շինարարական հրապարակում նկարահանում կատարել։ Ինչպես նա վստահեցրեց՝ հարակից շինությունների անվտանգության համար ինքը պատասխանատվություն չի կրում։

«Դրա համար պատասխանատվությունը կրում են տեխնիկական անվտանգության աշխատողները։ Ես շինարարության հետ կապ չունեմ, իմ ֆունկցիան էն ա, որ կամերայով գան նկարելու, կամերան ներս չթողնեմ, անծանոթներին ներս չթողեմ»,- ասաց Կարեն Բալոյանը։

Շինարարական աշխատանքներն ընթանում են մոտ երկու տարի։ Դրա հարևանությամբ գտնվող տներին սակայն առաջին վնասը հասցվել է 6 ամիս առաջ, երբ քանդեցին այդ տներին պատկանող կոյուղագծերը։

«Որովհետև իրենց տարածք էր պետք, որ իրենց ճանապարհը սարքեին։ Հիմա փորձում են բակի ներսով անցկացնել կոյուղին։ Խոստացել են, որ այսօր ավարտին կանցկացնեն»,- ասաց Թամարան։

Շինարարական աշխատանքների պատճառով վնասվել է նաև Սեդա Մանուկյանի բնակարանը։ Նրա տան ճաշասենյակի պատն ամբողջ երկայնքով ճաքել է։ «Պատը երեք տեղից ճաքել է։ Խոստացել են, որ կվերանորոգեն, բայց կոնկրետ ժամկետներ չեն նշել»,- ասաց տիկին Սեդան։

Բնակիչներին իրենց տների փոխարեն առաջարկվել են բնակարաններ քաղաքի այլ հատվածում, որոնք իրենց մակերեսով և արժեքով զիջում են նրանց տներին։ «Իրենց առաջարկած բնակարանն էստեղից հեռու է՝ գտնվում է «Ղռերում»։ Ահավոր վատ տուն է՝ զուգարանը դրսում։ Մեր հավանած տունն էլ իրենք չեն ցանկանում, քանի որ պետք է գումարը ավելացնեն»,- նշեց Թամարա Մինասյանը։
Բունիաթյան փողոցի բնակիչներն արդեն կասկած չունեն, որ մոտ ապագայում իրենց տները, որտեղ ապրում են 1958թ.-ից, կհավասարվեն հողին։