Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում բողոքի երթ է անցկացվելու

Հասարակություն
667d1bb2bd10b10f6e004c0b87d3cf56

Հունիսի 7-ին՝ հինգշաբթի, տեղի կունենա բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Երթը կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից (Արամ Խաչատրյանի արձան):
Մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերի
նախարարին:

Հայազն Միության հայտարարությունը.

1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը միայն աճում է:

Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:

Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է:

Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:

Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայն թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում է սեփական անճարությունը: Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող
պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտում
ենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի է
դարձնում:
Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից.

1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը:
Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տաս հարաբերությունը այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեք պատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաև անցյալում պատճառված բոլոր կորուստներին:

2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա հովանավորների հետ:

3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ
միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է

• Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը և տնտեսական յուրացումը:

• Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները, այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

• Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանը ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու և պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը: