Պայթյունի պատճառը՝ տեխնիկական քննությունից հետո
Այսօր առավոտյան 8-30-9-ի սահմաններում, պայթել է «Դուստր Մարիաննա» ձեռնարկության ջերմային կաթսաներից մեկը:
Ջերմային կաթսաների հսկիչ 1957թ. ծնված Էդուարդ Ղազարյանը ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ նա ստացել է գլխուղեղի, կրծքավանդակի սալջարդ, ունեցել է ներքին արյունահոսություն և մարմնական այլ վնասվածքներ:
Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հայրապետ Բարսեղյանը հայտնեց , որ հրատապ հասցրել են հիվանդին վիրահատել. «Ներքին արյունահոսությունը դադարեցվել է, փայծաղը հեռացված է, հիմա հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` անգիտակից վիճակում»:
Տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Այս պահին ձեռնարկության փոխտնօրենը դժվարանում է ասել, թե որն է պայթյունի պատճառը:
«Հնարավոր է և մարդկային գործոնը լինի, որովհետև կաթսան ավտոմատ համակարգով է աշխատում` ցանկացած դեպքից պաշտպանելու համար: Պայթյունի համար ունի հնարավորություն, որ բացվի և թույլ չտա, որ մեծ էներգիա կուտակվի և շատ ավելի մեծ ավերածություններ լինի»,- «Ա1+»-ին ասաց «Դուստր Մարիաննա» ձեռնարկության փոխտնօրեն Ալբերտ Հովհաննիսյանը։
Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարաության աշխատակիցները պարզեցին, որ « կաթսայի հետնամասում տեղի է ունեցել պայթյուն՝ գազի ճնշման հետևանքով»:
ԱԻՆ Տեխանվտանգության ազգային կենտրոնի Երևան քաղաքի ծառայության պետ
Վլադիմիր Հովսեփյանի խոսքերով՝ կաթսայատունը 2012թ մայիսի 23-ին անցել է տեխնիկական անվտանգության փորձաքննություն և լիցենզավորվել է:
«Այսօրվանից ընդհանուր կաթսայատան գործունեությունը դադարեցված է, քննչական մարմինների թույլտվությունից հետո կշաարունակվի կաթսայատան շահագործումը»,-ասաց նա։
Այսօր առավոտյան «Դուստր Մարիաննա» ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի պատճառը պարզ կդառնա միայն տեխնիկական քննությունից հետո: