Ապարդյուն դռներ են ծեծել
«Литературная Армения» ամսագիրը Հայաստանում լույս տեսնող միակ ռուսերեն գրական ամսագիրն է: Ֆինանսական դժվարությունների պատճառով այն այսօր փակվելու վտանգի տակ է:
«Литературная Армения» -ի գլխավոր խմբագիր Ալբերտ Նալբանդյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ դռներ է ծեծել, սակայն ապարդյուն: «Ոչ մի տեղ չեն մերժում, բոլորը ցույց են տալիս, որ գիտակցում են ամսագրի կարևորությունը, խոստանում են օգնել, սակայն խոստումներով սկսվում և ավարտվում են բոլոր նման խոսակցությունները»,- ասում է խմբագիրը:
Հերթական խոստումը 2011-ի աշնանը տվեց Ռոսսոտրուդնիչեստվայի Հայստանի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: Այդ ժամանակ թերթերը գրեցին, որ Ռուսհամագործակցությունն այսուհետ հովանավորելու է «Литературная Армения»-ն: Սակայն ինչպես նշում է խմբագիրը, իրենք ստացան միայն 2011 դեկտեմբերի և 2012 մարտի համարների գումարը:
Ամսագիրը որոշակի աջակցություն ստանում է ՀՀ Մշակույթի նախարարությունից, որի համար խմբագիրը շատ շնորհակալ է, սակայն դա ամսագրի ծախսերի մեկ երրորդն է:
«Արդեն երկու տարի է, ոչ մի հեղինակի ու թարգմանչի չենք վճարել, ամիսներով աշխատավարձ չենք տալիս»,- ասում է խմբագիրը: Համարները տպվում են պարտքերի մեծանալու հաշվին:
Ամսագիրը ունի իր հասցեատերը, իր մշտական բաժանորդները: Դրանք հատկապես ԵՊՀ ռուս բանասիրության և Սլավոնական համալսարանի ուսանողներն են: Ամսագիրը տպագրվում է 500 տպաքանակով և ամբողջությամբ վաճառվում է: Այն արժե 300 դրամ: Ալբերտ Նալբանդյանը գտնում է, որ իրենց ընթերցողը մտավորականությունն ու ուսանողությունն է, որն այսօր ավել վճարել չի կարող:
Ըստ խմբագրի հաշվարկների` իրենց հարկավոր է տարեկան 10 000 ԱՄՆ դոլար հավելյալ աջակցություն, որպեսզի ամսագիրը կարողանա լույս տեսնել: