Գայլը 8 ոչխար է կերել
Ամռան ամիսներին ոչխարները գոմի փոխարեն դրսում` Սիսիանի Ույծ գյուղում ցանկապատի մեջ են լցնում: Վարդանյանները չէին էլ կարող պատկերացնել, որ գայլը գոմի բակ կհասնի` անտեսելով նաեւ մի քանի շների առկայությունը:
«9-ից մինն ա փրկվալ, 8-ը սատկալ են: Միսն ալ ոչ օգտագործիլի յա, ոչ ալ, սաղ հեչ ա տառալ: Հինչ անեմ, էտ ալ մեր ապրուստն էր, յոլա ինք քինըմ». Ռայա տատը իրենց ապրուստի միջոց համարվող ոչխարների մասին է խոսում: Ավելի քան 25 տարի է, ինչ Վարդանյանները հայրենի Ույծ գյուղում անասնապահությամբ են զբաղվում:
«էրեգի խոտը քաղանք, բոստանը ճրանք, հոգնած ենք իլալ: Եկալ ենք ամուսինս քնալ ա, ես ալ թողացի քինացի տուն: Անձրեւ, ամպրոպ տելեվիզրը, լուսը անջատալ ա քնալ: Ժամը 1-ին տուս ա եկալ տուս, նայի տեսնա հինչ ոչխարները լեշ տառած: Լուսը վառիլու պահին գայլը փախալ ա՚,- պատմում է Ռայա Վարդանյանը:
Տիկին Ռայան հիշում է` տարիներ առաջ գոմից քիչ ներքեւ գայլը հոշոտել էր նաեւ ձիու քուռակին: Այս անգամ վնասն ավելին է, նրանց ունեցած 9 ոչխարներից 8-ին գայլը հոշոտել է, փրկված միակ ոչխարը նորածին գառան հետ գոմում է եղել: Հիմա նրաց ունեցածը 7 գառն է, դրանցից էգերը կառանձնացնեն եւ կսպասեն 2 տարի, որ մայրացու դառնան:
ՙՄեր հույսը դրանք են, պիտի պահենք ապրենք, ինչ անենք՚,- նշում է նա:
Գայլի հոշոտած ոչխարների միսը չեն օգտագործել, շներին են կերակրել:
Սիսիանի ՙՈրսորդների եւ ձկնորսների՚ միության նախագահ Վալերիկ Գեւորգյանի տեղեկատվությամբ` գայլերի հարձակումները բնակավայրերի վրա օրինաչափ է: Հիմա սարերում անասուները քիչ են, ավարտվել է գայլերի ծնի շրջանը եւ ձագերին կերակրելու խնդիր կա:
Ըստ Գեւորգյանի` գիշատիչները հարձակումներ են գործում հատկապես լիալուսնի օրերին: