Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմաններ չկան, կան միայն արգելքներ

Հասարակություն
34d9ee148ab40638095ea990d0408019

Ուսանողուհի Արև Մելքոնյանը տեղաշարժվելու դժվարություններ ունի, բայց զբաղվում է էքստրեմալ սպորտաձևերով։ «Էքստրիմ» ակումբի օգնությամբ հաղթահարել է ժայռեր և լեռներ։

«Սահմաններ չկան, կան միայն արգելքներ» անունը կրող ծրագիրը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված սպորտային ծրագիր է, որում ընդգրկված է նաև Արև Մելքոնյանը։

«Մենք բարդ խնդիր ենք դրել մեր առջև, օրինակ սար բարձրանալուց շատ դժվարություններ կարող են առաջանալ, բայց, եթե նրանք անգամ 2 % -ը բարձրանան, մենք պատրաստ ենք մնացածը մեր ուսերին դրած բարձրացնենք մինչև գագաթ»,- ասում է ծրագրի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։

Նա համոզված է որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կամքի ուժի խնդիր ընդհանրապես չունեն, իսկ ֆիզիկական խնդիրները չպետք է պատճառ դառնան, որպեսզի նրանք չկարողացան կյանքը վայելել, որի լավագույն միջոցներից մեկը էքստրեմալ սպորտն է։ Նախատեսվում է բարձրանալ խմբի համար մատչելի գագաթները։ Սահմանափակ հնարավորություններով մարդկանց հետ աշխատելու է տարբեր մասնագետներից բաղկացած մեծ խումբ և նրանց համար ստեղծվել են լիարժեք պայմաններ։
«Պետք եղած ժամանակ աշխատում ենք նաև արտակարգ իրավիճակների նախարարության հետ, անգամ ուղղաթիռի հնարավորություն ունենք», ասաց կազմակերպության բժշկական անձնակազմի հրամանատար Գևորգ Շահսուվարյանը։

«Մենք ավելի ուժեղ ենք, քան դուք»

Արև Մելքոնյանը սովորում է Ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայում։ Տեղաշարժվելու դժվարություններ ունեցել է մանկուց, և այժմ էլ շատ խնդիրներ են առաջանում տրանսպորտից, տարբեր շինություններից օգտվելուց, բայց սովորել է հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, որտեղ սովորում է Արևը Մելքոնյանը, նույնպես հարմարեցված չէ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար։

«Ոչ ոք չի մտածում, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդը, մանավանդ, սայլակով մարդը, նույնպես կարող է համալսարանում սովորել»,- ասում է Արևը։ Դժվարությունները նրան չեն հուսահատեցնում։ Ասում է՝ մենք ավելի ուժեղ ենք, քան դուք։ «Սահմաններ չկան, կան միայն արգելքներ» նշանաբանը դարձել է նրա կյանքի կարգախոսը։

Արևը համոզված է, որ եթե մարդիկ աջակցեն սահմանափակ հնարավորություններ ունեցողներին և նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծվի, ապա վերջիններս կձերբազատվեն բարդույթներից և հասարակությանն ինտեգրվելու ոչ մի խնդիր չի առաջանա։ «Բարդույթները հիմնականում առաջանում են դպրոցից հետո, երբ ցանկանում են սովորել, շարունակել ուսումը և հանդիպում են մի մեծ շրջապատի, որը նրանց չի ընդունում։ Ես հաղթահարել եմ արդեն այդ բարդույթները, բայց շփվում են ինձ նման մարդկանց հետ, ովքեր շատ մեծ խնդիր ունեն հասարակության հետ շփվելու առումով, որովհետև նրանք մտածում են, թե իրենց խղճում են»,- ասում է Արևը։

Նա կարծում է, որ հաշմանդամների ամենամեծ խնդիրը կապված է հասարակության հետ, որը չի կարողանում իր մեջ ամրապնդել այն միտքը, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ ոչնչով չեն տարբերվում սովորական մարդկանցից։
«Հուսով եմ՝ սահմանափակ մտածելակերպը մի օր կվերանա մարդկանց մոտ և նրանք կհասկանան, որ մենք ամեն ինչ կարող ենք և մենք սովորական մարդ ենք»,- ասում է Արև Մելքոնյանը։