Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսայինը թանկացնում է համակարգիչը

Հասարակություն
4e479f2d31f1544a5c3e34ebf0a97bc3

Ի՞նչ արժեն համակարգիչներն այսօր և ի՞նչ գնային տարբերություն կա այլ երկրների համեմատությամբ:

Այս հարցերի պատասխանը «Ա1+»-ի լրագրողը փորձեց ստանալ համակարգչային տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն այցելելով:

Տնօրենը, ով խնդրեց չհրապարակել ընկերության անունը, նշեց, որ Հայաստանում համակարգչային շուկայում մոնոպոլիա չկա, ներմուծողները շատ են։

Սակայն մենաշնորհի բացակայությունը դեռևս չի նշանակում, որ Հայաստանում համակարգիչներն էժան են: Դրսի շուկայի համեմատությամբ համակարգիչն այստեղ 80-100% ավելի թանկ է: Առաջին պատճառը տրանսպորտային ծախսերն են. քանի որ Հայաստանը չունի ծով, այդ պատճառով ծախսերը 15% ավելանում են:

Սակայն, ըստ մեր զրուցակցի, ավելի և արդեն անիմաստ է թանկացնում ապրանքը մաքսազերծման գործընթացը: Մաքսազերծումը կատարվում է գնահատման սկզբունքով, այսինքն՝ նախապես չհավատալով ներմուծողի ներկայացրած հաշիվ-ապրանքագրին՝ մաքսային վարչությունն ինքն է գնահատում ապրանքը:

Ի դեպ, միշտ ապրանքն ավելի թանկ է գնահատվում, քան այն գնել են արտադրողից: Եվ արդեն այս ավել գնահատված ապրանքին ավելանում է ավելացված արժեքի հարկը (20%):

Բացի այդ՝ համակարգչային տեխնիկան շատ արագ է փոխվում և հետևաբար արագ է արժեզրկվում, իսկ տեսչությունը ապրանքների կոդերը շատ ուշ-ուշ է վերանայում, և երբեմն ներկրողը ուղղակի նախընտրում է չներմուծել, քան կրկնակի բարձր գնահատվի իր ապրանքը: «Հնարավոր չէ օրական 6000 ապրանք գնահատել, աչքաչափով գնահատում են, քո ներկայացրած գնին ավելացնելով մոտ 10-20%»,- ասաց ընկերության տնօրենը:

Համակարգչի գինը բարձրացնում է ևս մի բան. կան համակարգչային մասեր, որոնց վրա ավելանում է 10% մաքսատուրք: Մաքսատուրքը ընդհանրապես ավելանում է այն ապրանքների վրա, որոնք արտադրվում են Հայաստանում և ներքին արտադրողին խթանելու նպատակ ունեն: Սակայն թե ինչու է, ասենք, մոնիտորի կամ համակարգչային հովացուցիչի վրա նման հարկ ավելանում, ըստ այս ընկերության տնօրենի, անհասկանալի է: «Ըստ էության, որևէ մեկը ինչ-որ հովացուցիչ է արտադրում, և բոլոր տեսակի հովացուցիչները մտցնում են 10% մաքսատուրքի տակ. սա արդեն կողոպուտ է»:

Նա համեմատություն անցկացրեց հարևան Վրաստանի հետ. «Վրաստանում համակարգիչն անհամեմատ էժան է, ոչ միայն այն պատճառով, որ ծով կա, այլև որովհետև մաքսազերծումը կատարվում է ըստ հաշիվ-ապրանքագրի, այսինքն, պետությունն ի սկբանե հավատում է ներմուծողի ներկայացրած գնին՝ ասելով, եթե խաբես և բռեմ, քեզ, կդատեմ»:
Համակարգչային տեխնիկայի մաքսազերծման նշված խնդիրների մասին փորձեցինք ստանալ Պետական եկամուտների կոմիտեի բացատրությունը։ Մեր հարցմանը, թե ինչու համակարգչային տեխնիկայի մաքսազերծումը չի կատարվում ըստ հաշիվ-ապրանքագրի, կոմիտեի մամլո ծառայությունը գրավոր պատասխանեց, որ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում Մաքսային օրենսգրքում 87-րդ հոդվածի համաձայն մաքսազերծումը կատարվում է հաշիվ-ապրանքագրի հիման վրա։ (Իսկ մեր զրուցակիցը պնդում էր, որ ստեղծված են բոլոր պայմանները՝ ներմուծված ապրանքների մաքսազերծումը ՀՀ Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բացառելու համար):

Կոդերի ոչ հաճախ վերանայման և ՀՀ-ում չարտադրվող ապրանքատեսակների վրա մաքսատուրքի առկայության մասին մեր հարցմանը Եկամուտների կոմիտեն մատնանշել էր այդ պատասխանատու մարմիններին և օրենքների այն կետերը, որոնցով կարգավորվում են այդ հարցերը:

Ի դեպ, Հայաստանում նվազել է սովորական համակարգիչների պահանջարկը և աճել դյուրակիր համակարգիչների (laptop) և պլանշետների վաճառքը: