Քաղաքապետ. Երեւանը բաց է
Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Նրանք Երևանում են Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով և ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:
Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված նոր արժեքների ստեղծմանը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նաև հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երևանն անդամակցում է նաև «Քաղաքապետերը հանուն խաղաղության» կազմակերպությանը:
Իսկ Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը և նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է և ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաև ընդգծել է, որ երևանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ասոցիացիայի նախագահ 84-ամյա Դայսակու Իկեդային և ընդգծել, որ Երևանը բաց է բոլոր բարեկամների և հյուրերի առջև:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։