Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացվեց հայտնի ռեժիսորի հուշատախտակը (տեսանյութ)

Հասարակություն
ba8ceef20d28b4f0fadca3d68466830f

Գենան հիանալի մարդ եւ գործընկեր էր: Այսօր այսպես են հիշում «Թթենի» և մի շարք այլ ֆիլմերի ռեժիսոր Գենադի Մելքոնյանին նրա մտերիմները: Մաշտոցի անվան այգու դիմաց գտնվող շենքում, որտեղ նախկինում եղել է հայտնի ռեժիսորի տունը, ուր անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը, բացվեց նրա հիշատակին նվիրված Տիգրան Արզումանյանի հեղինակած հուշատախտակը:

«Այսքան մարդ որ իրեն հիշում է, կամ 10 անգամ սրանից շատ, որ իրեն հիշում են, ուրեմն Գենադին ապրում է և ամենից շատ ինքը ապրում է իր ֆիլերով և հատկապես ապրում է թթենիով»,- նշում է Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը։

Գենադի Մելքոնյանի ընկերներն ու հարազատները շատ բան ունեն հիշելու, չնայած, որ իրենց համար դժվար է դրանց մասին բարձրաձայնել: Հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը նրա մասին խոսելիս չի էլ փորձում հուզմունքը թաքցնել: Նա համոզված է, որ Գենադի Մելքոնյան կինոռեժիսորի անունը կմանա այնքան, որքան նրա ֆիլմերը սիրված կլինեն:

«Ամենասուրբ մարդն էր, երեխու պես մաքուր, հետաքրքիր մարդ էր: Էն ախմախ ժամանակները լավերին ճնշում էին, չգիտեմ ինչ չար ուժեր էին, իրեն ֆիլմ չէին տալիս, Գենան էդքան տարի աշխատել է Հայֆիլմում առաջին ֆիլմը Թթենին է: Միշտ հիշում եմ և զգում եմ պակասը»,- հիշում է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։
Գենադի Մելքոնյանի որդուն Գեորգի Մելքոնյանին, ինչպես նա ասաց, պատել է անբացատրելի մի հպարտություն, չնայած արդեն 15 տարի է ինչ Հայաստանում չի բնակվում: Հոր ընկերների հետ այսօր նա վերհիշեց այն տարիները, երբ ինքը նկարահանման հրապարակում կատարում էր հայրիկ-կինոռեժիսորի հրահանգները.

«Ճիշտ է նյարդայնանում էր, երբ չէին կատարում այն, ինչ ինքն էր ուզում, բայց երբեւէ թույլ չի տվել իրեն ջղայնանալ, գոռալ, նա այդ ամենը բացատրում էր շատ հանգիստ, և կարծում եմ, այն մարդիկ, ովքեր իր հետ աշխատել են միայն հաճույք են ստացել»,- ասաց Գեորգի Մելքոնյանը :

Մահվանից առաջ, կինոռեժիսորի ցանկությունն էր նկարահանել իր գրած «Պոլոզ-Մուկուչ» ֆիմը, որը ֆինանսական պատճառներով արդեն 10 տարի է սպասում է կապույտ էկրանին հայտնվելուն: