Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Պաշտոնական
45ba077da8568c936b10bf1fd3493b40

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Գեորգի Կարաստամատովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրել և հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա բարեկամական փոխհարաբերությունների էլ ավելի ամրապնդման և ընդլայնման գործում: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է , որ հայ և բուլղար ժողովուրդների պատմական ճակատագրերը շատ նման են և նրանք կապված են շուրջ հազարամյա պատմաքաղաքակրթական խորը կապերով և միմյանց հանդեպ տածում են եղբայրական զգացումներ:

Դեսպան Կարաստամատովը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ հավաստիացրել է , որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և դրանում նորանոր ոլորտներ ներառելու համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման, Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր: