Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքում կտեղադրվի WiFi համակարգ

Հասարակություն
09eb9bce27d0f6a2d9ed507aeef5496f

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետևել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին և ներկայացրել իր դիտողությունները:

«Քաղաքի մասին առաջինը տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետևողականությունն և սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից»,-աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել նշված տարածքների կանաչապատումն ու գեղարվեստական ձևավորումը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի կրապատման և բուժման աշխատանքները, զուգահեռաբար բուժվում են նաև մշտադալար տնկիները` հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:

Քաղաքապետ հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել նախկինում անցկացված, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի վերագործարկման նպատակով տարվող աշխատանքները և համապատասխան տարածքներն ապահովել ոռոգման ջրով:

Օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի առաջիկա տարիների ընթացքում վերջնականապես լուծենք մայրաքաղաքի ոռոգման ցանցերի գործարկման խնդիրը>>,-նշել է քաղաքապետը:

Այգիներում և պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:

Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ և ապահովել, որ խաղերը տեղադրվեն տարածքների բարեկարգումն իրականացնելուց հետո:
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հսկողությունը սեփական եկամուտների գումարների հավաքագրման, մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Կշարունակվի նաև բջջային կապի օպերատորների աջակցությամբ սահմանված ժամկետների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։