ԲՀԿ-ականը՝ տեղակալ
Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի ունեցած ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Պատգամավորները քննարկեցին Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված այն նախագծերը, որոնց քննարկման համար գլխադասային էր նշանակված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Նոր փաթեթ
Փաթեթի առաջին նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել արտոնագրային վճար վճարող համարվելու դիմում-հայտարարությունը ներկայացնելու ցանկացած ամսվա ընթացքում: Առաջարկվում է նաեւ վերանայել արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածները` հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով տարվա ցանկացած ժամանակահատվածի համար համարվելու արտոնագրային վճար վճարող:
Հանրային սննդի ոլորտում մինչեւ 50 քառ.մ տարածքի համար նախատեսված արտոնագրային վճարի նվազագույն չափը տարանջատվում է մինչեւ 20 քառ.մ եւ 21-50 քառ.մ տարածքների համար արտոնագրային վճարների չափերի, որը հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող գերփոքր տնտեսավարող սուբյեկտներին 2.5 անգամ ավելի պակաս արտոնագրային վճար վճարելու հնարավորություն կտա: Սահմանվում է արտոնագրային վճարի չափը նվազեցնող գործակից, որը, կախված արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի տեւողությունից, յուրաքանչյուր ամսվա հաշվով կնվազի 0.02 գործակցով` արդյունքում նվազեցնելով նաեւ տվյալ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը:
Բնակության միեւնույն հասցեում գրանցված անձանց, նրանց ամուսիններին, ծնողներին, երեխաներին, եղբայրներին, քույրերին հնարավորություն է տրվում միեւնույն թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնելու մեկ արտոնագրով` միաժամանակ ամրագրելով, որ այդ դեպքում արտոնագրային վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար յուրաքանչյուր վարորդի մասով ավելացվում է 1000 դրամով:
Բացառապես գիշերային ժամերին գործող ավտոկանգառների համար սահմանվում է 0.5 լրացուցիչ ուղղիչ գործակից, իսկ վարչարարության իրականացման տեսանկյունից առավել հեշտացվում են պատասխանատվության միջոցների կիրառման ընթացակարգերը:
Տեխզննում՝ տարին մեկ անգամ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է վերանայել մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը` սահմանելով, որ հիշյալ անձանց պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն անցկացվում է տարին մեկ անգամ:
Լրացում
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Հաշվի առնելով խաղատների եւ շահումով խաղերի գործունեության դադարեցման դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկը եւ նպատակ ունենալով խրախուսել` շարունակելու գործունեությունը` նախագծով առաջարկվում է պետական տուրքի չափը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար որոշել տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի եւ 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչեւ 2013 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով:
Քննարկված օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն:
Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։