Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նանսենի այգում թանգարան կկառուցվի (տեսանյութ)

Հասարակություն
880e589b011961d5fe4cf407fd6feffe

Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում մեծ հայասերի թանգարանը կառուցելու ընթացքում ոչ մի ծառ չի հատվել ու չի հատվի: Այսօր հայտարարեց «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը.«Ես տեղում եղել եմ, ուսումնասիրել, որ իսկապես կանաչ տարածք այնտեղ չի հատվում. ոչ ծառ և ոչ էլ նույնիսկ թուփ»:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Արբակ Վարդանյանն էլ իրե հերթին վստահեցրեց, որ Նանսենի այգում թանգարանի փոխարեն որևէ այլ նշանակության շինություն վեր չի խոյանա:
«Դա չի կարող լինել, բացառվում է, այսինքն չի նշվում սպասարկման օբյեկտ և ուրիշ բան կառուցվում»,-ասաց ճարտարապետը:

Քաղաքապետարանում թանգարան կառուցելու ծրագիրը քննարկվում է դեռևս անցյալ տարվանից և այս տարի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի կողմից ընտրվել է ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի նախագիծը:

Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով, տարածքն ընտրվել է Նանսենի անվան այգու միջնամասում, քանի որ արդեն այգում կար բետոնյա հարթակ.« Տարածքն ամբողջովին ծառազուրկ էր: Թանգարանի բուն շենքը հատակագծում ունի 52 քմ մակերես, դա թանգարան ցուցասրահ է մեկ հարկանի»,-նշեց Արբակ Վարդանյանը, հավելելով, որ թանգարանի լուսավորությունն ամբողջությամբ լիենլու է վերևից:

«Ա1+»-ի այն հարցին, իսկ ինչու հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես պահանջում է օրենքը, պարոն Բախչինյանը պատասխանեց, որ եղել են այն ժամանակ, երբ պետք է տեղադրվեր Նանսենի արձանը։
Մեր մյուս հարցին, որ լսումներ կազմնակերպվել են արձանի, այլ ոչ թե թանգարանի համար, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահն ասաց. «Բայց նույն տարածքն է որևէ նշանակություն չունի»:
«Բոլոր շինությունների համար չի, որ պետք է հանրային լսումներ կազմակերպվեն, դա լուծվել է մասնագետների շրջանակներում և կարծում եմ կարիք չի եղել, որ նման շինության և նման մասշտաբի կառույցի համար հարցը դրվի հանրային քննարկումների ժամանակ»-եզրափակեց քաղաքապետարանի ներկայացուցիչ Արբակ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչները ստորագրահավաք են անցկացնում ընդդեմ այգում իրականացվող շինարարության: