Ակցիա ոստիկանության շենքի մոտ (տեսանյութ)
«Հարսնաքարի» դաժան միջադեպը համախմբել է մի խումբ երիտասարդների, ովքեր դեմ են անպատժելիությանն ու ամենաթողությանը։
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 22-ին, բողոքի ակցիա էր կազմակերպել Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում գտնվող Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին հունիսի 17-ին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկներին ծեծի ենթարկած անձանք դեմ հարուցված քրեական գործը քննել օրենքի սահմաններում և պատժել բոլոր մեղավորներին։
«Հասարակությունն ամեն օր ականատես է լինում այս ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտին, և սա դրա արդյունքն է։ Եվ հենց այստեղ հավաքված քաղաքացիները թույլ չեն տալու, որ շարունակվի այդ անպատժելիությունը», - ասաց ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեին «Ո՛չ ամենաթողությանը», «Այլևս ոչ մի զոհ հանցավոր ռեժիմին», «Արդար քննություն» և այլ բովանդակությամբ պաստառներ։
«Այս ամենը երկրում կատարվող կամայականությունների շատ վառ ու ցավալի դրսևորում է։ Բոլորի համար ակնհայտ է, որ եթե այդ, այսպես ասած, անվտանգության աշխատակիցները քարտ բլանշ ստացած չլինեին, իրենք չէին անի այդ բանը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Ավթանդիլյանը։
«Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը զայրացրել է նաև մտավորականներին։ Բողոքի ակցիային մասնակցում է նաև դերասան Աշոտ Ադամյանը։ «Խփող ձեռքը պետք է սանձվի. լուծումը դա է։ Սա լկտիության բարձրագույն աստիճանն է։ Քրոնիկ լկտիություն է սա», - ասաց Աշոտ Ադամյանը։
Բողոքի այս ակցիան ֆեյսբուքյան խմբի առաջին նախաձեռնությունն է, սակայն կազմակերպիչներն այսքանով չեն սահմանափակվելու։ Խումբը շուտով կհայտարարի, թե հետագայում ինչ նախաձեռնություններով է հանդես գալու։