Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամուսնանում են՝ գնում են, չեն ամուսնանում՝ գնում են

Հասարակություն
84b634371efca03c5da5a6c48233d1c4

Սիսիանից 14 կմ հեռավորության վրա գտնվող Վաղատինում հոգսերը նույնն են, ինչ տարածաշրջանի մյուս համայնքներում:
Խոտնձի եռուն շրջանը սկսված է, ով ձեռքով, ով էլ խոտհնձիչով է քաղում անասնակերը: Մարդիկ այս տարվա խոտածածկից դժգոհ չեն: Միայն թե ամեն տարվա պես, այս տարի էլ, այս շրջանում դիզվառելիքի եւ մեխանիզացիայի գների կտրուկ աճ է նկատվում:

38-ամյա Միշան անցած տարի 5 կթու կովի համար էր խոտ ամբարել, այս տարի կովերի գլխաքանակը 2-ն է:

Վաղատինում հիմա շատերն են հրաժարվել անասուն պահելուց: Գյուղմթերքի իրացման խնդիրը մնում է չլուծված:

Միշա Գրիգորյանի հաշվարկով` 1 հակը քաղել, կապել, տուն հասցնելը գյուղացու գրպանից տանում է 400-450 դրամ: Խոտհունձը նոր է սկսվել, բայց արդեն շրջանառվում է նաեւ 1 հակի վաճառքի գինը` 700-ից 1000 դրամ:

Սպարտակ Հակոբյանին 1 կովը եւ հորթուկը ձմռանը կերակրելու համար 200 հակ խոտ է անհրաժեշտ, առայժմ դրա 10 %-ն է բերել: Նա եւս խոտհնձի աշխատանքները ձեռքով է կատարում: 1 հա խոտածածկ տարածքը խոտհնձիչով քաղելու համար 8000- 10.000 դրամ է հարկավոր, անցած տարի այդ գինը տատանվել է 6000-7000 դրամի սահմանում:

60-ամյա Օնիկ պապը գյուղատնտեսական տարվա բարենպաստության մասին կարծիք հայտնելը վաղ է համարում:

Օրեր առաջ գարու 15 հա ցանքատարածություններն է նայել. թեպետ ազոտական պարարտանյութով ժամանակին սնուցել է, սակայն տեղումների սակավության պատճառով ցողունները կարճ են, բերքը սակավ կլինի:

«Գյուղացուն էդ տանձը, խնձորը հաշիվ չի, գյուղացունը դաշտերն ա: Դրանց վիճակն էլ էս պահին լավ չի, թե հետո անձրեւները շատացավ կբերի կհասցնի, թե չէ գյուղացին տակ տվավ»,-ասում է Օնիկ Ալեքսանյանը:

Գրիշա Ավագյանը 5 տարի կոլտնտեսության, 6 տարի գյուղսովետի նախագահ է աշխատել, 17 տարի էլ զոոտեխնիկի պաշտոն է զբաղեցրել: Անցած տարի սրտի վիրահատություն տարած ՀԿԿ անդամի խոսքով` երիտասարդներին խրախուսել է հարկավոր, որ գյուղում մնան, թե չէ նրանցից շատերը ամուսնանում ու հաջորդ օրը Ռուսաստան են մեկնում:

«Որը ամուսնանում ա, կինը թողնում՝ քինում ա, որն էլ չի ամուսնանում, տենց ա քինում: Դրա համար էլ ծնունդները գյուղերում պակսել ա: Էս պատերի տակ նստած մի քանի բիձա-պառավ ենք մնացել»,- նշում է նա:

Վաղատին գյուղը միշտ էլ աչքի է ընկել համեղ միրգ-բանջարեղենով: Գյուղի տարածքում հին այգիներին փոխարինելու են եկել նորերը, հիմնականում` թթենիներ, ծիրանենիներ, ընկուզենիներ:

«Լավ այգիներ ունենք, լավ պոպոկ ունենք, լավ ժողովուրդ ենք»,- ասում է Ժորա Բաղդագուլյանը:

«Տանջմանքը շատ ա, չարչարվում ենք»,-վրա է բերում 85-ամյա Վարդուշ Ստեփանյանը:
Գյուղի տարեցները քնում եւ արթնանում են լավատեսությամբ, որ մի բարի օր Վաղատինի փողոցները էլի մարդաշատ կլինեն, օջախները` մանկաշատ: