Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ խմբակցությունը հանդիպել է ֆրանսիացիներին

Պաշտոնական
a13212f24d760484e72fd04bfd42aacc

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Մնացական Մնացականյանն այսօր հանդիպել են ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը, որը ղեկավարում էր այդ քաղաքի Միավորման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սանդոզը:

Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը, որը, նրա բնորոշմամբ, համապետական ակտիվ հարաբերություններից վերածվել է երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության: ՀՀԿ խմբակցության ղեկավարը գոհունակություն հայտնեց, որ միջպետական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում հատկապես տարածաշրջանային համագործակցության ասպարեզում իրականացվող իրատեսական քայլերով:

ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը տեղեկացրեց, որ Բուրգ լե Վալանսը եւ Թալինը քույր քաղաքներ են, եւ իր` Թալինի քաղաքապետ եղած տարիներին ֆրանսիացիները երկարատեւ զարգացման լուրջ ծրագրեր են իրականացրել Թալինում հատկապես սպասարկման ոլորտում: Այդ համագործակցությունն այսօր էլ շարունակվում է:

Ժան-Պիեռ Սանդոզը նույնպես կարեւորեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը եւ Ֆրանսիայում, մասնավորապես Բուրգ լե Վալանսում հայկական համայնքի ակտիվ դերակատարությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում` այդ ակտիվությամբ պայմանավորելով նաեւ Հայաստանի համայնքների, մասնավորապես` Թալինի հետ սերտ համագործակցությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ֆրանսիական տարածաշրջանային կապերի զարգացմանը, նոր ծրագրերի իրականացմանը եւ այդ համատեքստում ՀՀ Ազգային ժողովի հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր:

Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։