Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
Վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 11:00-ԻՆ քաղաքապետարանի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ «Նանսենի այգոմ» կատարվող կառուցապատման։
Այդ նպատակով այգու շրջակա տարաշքի բնակիչները հայտարարություն են տարածել. «Նանսենի այգում դեռևս շարունակվում են կառուցապատման աշխատանքները, որոնց օրինական հիմքերը խիստ կասկածելի են` չեն անցկացվել հանրային լսումներ, իսկ քաղաքապետարանը մեր` բնակիչների բողոքներին պատասխանել է միայն մամլո ասուլիսի ձևով, որտեղ այդպես էլ հիմնավոր տեղեկատվություն չի տրվել կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Հաշվի առնելով այս ամենը և մինչ այժմ կատարված հաջողված ու անհաջող փորձերը` հանրային տարածքներն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար, մենք` Երևանի և մասնավորապես Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչներս, նախաձեռնում ենք բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ, որի ժամանակ կպահանջենք, որպեսզի քաղաքապետն անձամբ պատասխանի բնակիչների հարցերին և չեղյալ համարի այն որոշումները, որ կայացրել է առանց մեր` քաղաքացիներիս համաձայնության:
Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ֆիզիկական ներկայությամբ արտահայտել իրենց բողոքը և դրանով իսկ նպաստել մեր քաղաքի ևս մի հանրային ու կանաչապատ տարածքի պահպանմանն ու նպատակային նշանակությամբ օգտագործմանը»: